top of page

Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների

8 minutes ago
1 min read

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը նոյեմբերի 25-ի գիշերը զանգվածային հարձակում են գործել Սամարայի մարզի վրա, հայտնել է մարզի ղեկավար Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։ Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերն ու շարժական կրակային խմբերը մարզի երկնքում խոցել են 145 անօդաչու։ Հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, և «ավերածություններ կան»։ Մարզպետը մանրամասներ չի ներկայացրել՝ նշելով միայն, որ «որոշ տարածքներում էլեկտրամատակարարման անջատումներ կան»։ Տեղի բնակիչները պատմել են ուժեղ պայթյունների մասին և դժգոհել, որ օդային տագնապը հնչել է հարձակման մեկնարկից միայն մեկ ժամ անց։

Ականատեսների տեսագրությունների համաձայն, որոնք վերլուծել է Astra-ն, անօդաչուների թիրախ են դարձել Սիզրանի և Կույբիշևի նավթավերամշակման գործարանները։ Երկուսն էլ պատկանում են «Ռոսնեֆտին» և Սամարայի մարզի խոշորագույն ձեռնարկություններից են։ Սիզրանի նավթավերամշակման գործարանում, որի նախագծային հզորությունը տարեկան մոտ 8,9 մլն տոննա նավթ է, հարձակումից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել։ Մինչ այդ անօդաչուները գործարանին հարվածել էին սեպտեմբերի 15-ին։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբում հայտարարել էին, որ վնասել են նավթի առաջնային վերամշակման կայանքն ու պահեստարանների համալիրը։ Այն ժամանակ ձեռնարկությունը դադարեցրել էր նավթի վերամշակումը։ Կույբիշևի նավթավերամշակման գործարանը, որը գտնվում է Սամարայի սահմաններում և կարող է տարեկան վերամշակել 7 մլն տոննա նավթ, նույնպես հրդեհվել էանօդաչուների հարձակումից հետո։ Նախկինում այն հարձակման էր ենթարկվել սեպտեմբերի 22-ին։ Ձեռնարկության այրվող պահեստարանները տեսանելի էին տիեզերքից։

Ուկրաինական մոնիթորինգային ալիքները նաև հայտնել են, որ անցած գիշեր հարձակման թիրախ կարող էին դառնալ Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանը և «Տրանսնեֆտ» ընկերության «Սամարա» գծային արտադրական-դիսպետչերական կայանը։ Տեղի բնակիչները սոցցանցերում գրել են այդ օբյեկտների տեղակայման վայրերում պայթյունների մասին, սակայն հրապարակման պահին հարվածներն ու դրանց հետևանքները հաստատող լուսանկարներ կամ տեսանյութեր չկային։


 
 
1/3190
bottom of page