top of page

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական ժողովին Փաշինյանն այդպես էլ սպառիչ պատասխաններ չի տվել կուսակիցներին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղաքական ժողովի ժամանակ ՔՊ-ականները սպառիչ պատասխաններ այդպես էլ չեն ստացել Նիկոլ Փաշինյանից:

Ինչպես արդեն հայտնել էինք, շաբաթ օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հանքավանում, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հավաք է անցկացրել՝ քաղաքական ժողով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ժողովը առավոտյան 10:00-ից մինչեւ երեկոյան 17:00-ն է տեւել:

Հիմնականում Նիկոլ Փաշինյանը երկար «դասախոսություն» է կարդացել իր հռչակած իրական ու պատմական Հայաստանների մասին:

Ըստ էության՝ Փաշինյանի խոսքում ՔՊ-ականները որեւէ նոր բան չեն լսել, իսկ նրանց հարցերն այդպես էլ հստակ պատասխաններ չեն ստացել:

Փաշինյանը որեւէ հստակեցում չի արել՝ ի վերջո ինչ է սպասվում սահմանազատման արդյունքում, ուր է գնում Հայաստանը, վերջին օրերին ԵՄ անդամակցության հարցը որքանով է իրատեսական:

Ավելին՝ այլեւս անթաքույց հայտարարել է՝ որեւէ երաշխիք չկա, որ սահմանազատումից կամ մյուս պահանջների կատարումից հետո Ադրբեջանը վերջնական խաղաղության կգնա ու այլեւս սադրանքների չի դիմի:

Այս խնդիրների վերաբերյալ բոլոր հարցերին անորոշ ու հռետորական պատասխաններ է տվել:

Քաղաքական ժողովի ժամանակ խոսվել է նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին, Փաշինյանն էլ իր թիմակիցներին «ավետել» է, որ այլեւս իրենց իշխանությանը վտանգ չի սպառնում, ուստի կարող են շարունակել հանգիստ զբաղվել կուսակցական գործերով:

Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ եթե, սովորաբար, քաղաքական նախորդ ժողովների ժամանակ ՔՊ-ականները մի ամբողջ օր հանգստի էին նվիրում, ապա այս անգամ կուսակցական ժողովն արել են ու նույն օրը վերադարձել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Comments


1/1770
bottom of page