«Սուքիասյանը դիմել է դատարան՝ ինձնից պահանջելով հերքել ամերիկյան լրատվամիջոցի հրապարակումը և իրեն վճարել 5 մլն դրամ». Նաիրի Հոխիկյան
- Elen Hovsepyan

- 3 hours ago
- 1 min read

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը. «ՔՊ-ի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դիմել է դատարան՝ ինձնից պահանջելով հերքել ամերիկյան լրատվամիջոցի հրապարակումը և իրեն վճարել 5 մլն դրամ։
Իհարկե, ծայրից ծայր սնանկ է այդ հայցը, զուրկ իրավաբանությունից՝ հաշվի չառնելով, որ ամերիկյան լրատվամիջոցում Խաչատուր Սուքիասյանի մասին գրվածի հեղինակը ես չեմ, այլ ես ընդամենը մեջբերել եմ տվյալ լրատվամիջոցի խոսքը' հղում տալով։
Իսկ ամերիկյան լրատվամիջոցում գրված էր, որ Խաչատուր Սուքիասյանը և Նիկոլ Փաշինյանը զբաղված են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով։ Ես իմ կողմից որևէ բան չեմ ասել, բայց ՔՊ-ի պատգամավորն ինձնից է պահանջում հերքել։
Իրավական երկրում այսպիսի հայցերը նույնիսկ դատարան չէին մտնի, բայց մենք հասկանում ենք, թե ինչպիսի երկրում ենք ապրում, մանավանդ որ դատական գործերի մեծ մասը խորքում ունեն քաղաքական նպատակներ՝ ընդդիմադիրներին ճնշելու և ֆինանսական խնդիրներով զբաղեցնելու համար։
Չեմ բացառում, որ առաջիկա օրերին կարող է նաև իմ բանկային հաշիվների վրա արգելանք դրվել։ Այդպիսի ճնշման փորձ ունեմ 2023-ին Երևանի քաղաքապետի ընտրության ու Արցախի հայաթափման ժամանակ, և դա նույնպես կիրառվող արատավոր պրակտիկա է ընդդիմադիր գործիչների նկատմամբ։
Բոլոր դեպքերում ոչ միայն ընդունում եմ Խաչատուր Սուքիասյանի դատական մարտահրավերը, այլև կապացուցեմ այդ հայցի սնանկությունը և հետո կպահանջեմ Խաչատուր Սուքիասյանից՝ փոխհատուցել իմ փաստաբանի ծառայությունների համար։
Այդպես արեցինք Դանիել Իոաննիսյանի առումով, կլինի նաև Խաչատուր Սուքիասյանի դեպքում»:




















