top of page

Կառավարության մատուցած տնտեսական աճի պայմաններում մենք տեսնում ենք ծայրահեղ աղքատության աճ. Արթուր Խաչատրյան

Կառավարությունն այսօր առավոտ լուսով «ավետեց», որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 6.4%-ով, որ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 750 հազ. 873 ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 726 հազ. 474 ՀՀ դրամի համեմատ։ Սակայն վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում տնտեսության «աճի» նման ցուցանիշների պայմաններում աղքատության մակարդակն ավելի է բարձրանում։ Տնտեսագիտության դասական սկզբունքներին հակասող այս երևույթի շուրջ Panorama.am-ը զրուցեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։

«Նախ 6.4% ՀՆԱ-ի աճը ցույց է տալիս, որ աճի տեմպերը դանդաղել են, քանի որ նախորդ տարի կարծեմ 8 %-ից ավել էր եղել այն։ Պետք է դիտարկենք, թե ինչով է պայմանավորված այդ աճը։ Եթե նայենք առաջին կիսամյակի վիճակագրությունը, ապա կտեսնենք, որ տնտեսական աճի հետևում հիմնականում կանգնած է ոսկու արտահանումը և վերամշակումը։ Հայաստանում ոսկու վերամշակման նման էական հզորություններ չեն ստեղծվել առնվազն վերջին մի քանի տարիների ընթացքում, հետևաբար՝ այդ ամբողջ տնտեսական աճը պայմանավորված է Ռուսաստանից ոսկու ներմուծմամբ, և այն Միացյալ Արաբական Էմիրություններ արտահանմամբ, իսկ դրանից հետո՝ երրորդ երկրներ։

Այսինքն, այդ տնտեսական աճը պայմանավորված է Հայաստանից անկախ գործոններով, ավելի կոնկերտ ասած՝ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներով։ Թե՛ արդյունաբերության, թե՛ ծառայությունների, թե առևտրի աճերը բացառապես պայմանավորված են այդ գործոններով, սակայն առանց այդ դրական արտաքին ազդակների՝ էական նվազում ենք մենք տեսնում։

Մասնավորապես՝ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումներն էապես նվազել են՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատած։ Եթե նայենք զուտ ներհոսքը, ապա կտեսնենք, որ այն 40%-ով կրճատվել է։ Այսինքը, մենք տեսնում ենք, որ տնտեսական աճը գնալով դանդաղում է, իսկ այն դրական գործոնները, որոնք կան, ավելի են մեղմվում։ Եթե հանենք արտաքին գործոններով պայմանավորված դրական ազդակները, ապա կտեսնենք, որ մեր տնտեսությունն ընդհանրապես անկման վիճակում է գտնվում։

Ինչ վերաբերում է տնտեսական աճի և ժողովրդի բարեկեցության մակարդակի հարաբերակցությանը, ապա տնտեսական աճի պայմաններում մենք տեսնում ենք աղքատության և ծայրահեղ աղքատության աճ։ Մասնավորապես գյուղական համայնքներում ծայրահեղ աղքատների թիվն նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է։ Այն մի բացատրություն ունի՝ նման տնտեսական ակտիվությունը, որը ցույց է տրվեում, որևէ ազդեցություն չունի Հայաստանի իրական կյանքի վրա։ Այո, կան մարդիկ, ովքեր դրանից շատ-շատ նեծ փողեր են աշխատում, բայց հասարակությունը, մարդիկ, ժողովուրդը, որոնց բարեկեցությունը պայմանավորված է տնտեսական աճով՝ իրական տնտեսական աճով, ավելի լավ չեն ապրում, որովհետև ներքին գործոններով պայմանավորված իրական տնտեսական աճ մենք չունենք»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Comments


bottom of page