top of page

Անի Ավետիսյանի՝ ոստիկանություն ահազանգից 10 րոպե անց իրավապահները եղել են դեպքի վայրում. ՆԳՆ պարզաբանում

2 minutes ago
1 min read


Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանի՝ ոստիկանություն ահազանգից 10 րոպե անց իրավապահները եղել են դեպքի վայրում։ Այս մասին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։

«Հոկտեմբերի 1-ին ժամը 14։05-ին կինը զանգահարել է Սիսիան համայնքի Շաքի բնակավայրը սպասարկող՝ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Սիսիանի բաժնի համայնքային ոստիկանի բջջային հեռախոսահամարին։

Նշված ծառայողը սեպտեմբերի 30-ին ընդգրկված է եղել բաժնի օպերատիվ խմբում ծառայության, հոկտեմբերի 1-ի առավոտյան հանձնել է հերթապահությունը և գտնվել է Սիսիան քաղաքում գտնվող իր բնակության վայրում՝ հանգստի մեջ։

Չնայած այս հանգամանքին զանգից չանցած 10 րոպե ոստիկանը եղել է դեպքի վայրում, դեպքի վայր են հասել նաև Ոստիկանության այլ օպերատիվ խմբեր, ինչից հետո ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն է ստացվել դեպքի վերաբերյալ ահազանգը։

Հարկ է նաև նշել, որ ահազանգի սպասարկման ստանդարտացված կարգով բաժինը ՆԳՆ 112 ՕԿԿ-ից ահազանգի ստացումից հետո ոչ ուշ, քան 10 րոպեում պետք է կազմակերպի օպերատիվ խմբի դեպքի վայր մեկնումը, իսկ այս դեպքում այդ ժամանակահատվածում արդեն խումբը դեպքի վայրում է եղել»,- նշվում է պարզաբանման մեջ։

Ավելի վաղ կինը մեզ հետ զրույցում պատմել էր, որ երեխաների զանգից հետո ինքը Սիսիանում ավտոմեքենան նստելիս զանգահարել է ոստիկանություն, սակայն ոստիկանները դեպքի վայր են ժամանել այն բանից հետո, երբ ամեն ինչ վերջացել էր։

 
 
1/3114
bottom of page