«Սարդ-մարդը» ֆիլմի դերասան Թոբի Մագուայրը վարել է նախկին կնոջ հարսանեկան արարողությունը

«Սարդ-մարդը» ֆիլմից հայտնի դերասան Թոբի Մագուայրը ներկա է եղել նախկին կնոջ՝ զարդերի դիզայներ Ջենիֆեր Մեյերի հարսանիքին ոչ միայն որպես հյուր, այլև որպես արարողությունը վարող։ Ինչպես հաղորդում է Entertainment Weekly-ն, Մեյերն ամուսնացել է նիգերիացի միլիարդատեր, իրավաբան և ներդրումային բանկիր Ադեբայո Օգունլեսիի որդու՝ Ջեֆրի Օգունլեսիի հետ՝ Մագուայրից ամուսնալուծության պաշտոնական ավարտից ընդամենը մի քանի շաբաթ անց։
Զույգի հարսանիքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Հավայան կղզիներում՝ Four Seasons Resort Lanai հյուրանոցում։ Ինչպես հայտնում է PEOPLE-ը՝ հղում անելով հարսանիքից ստացված լուսանկարներին, արարողությանը ներկա են եղել նաև բազմաթիվ հայտնի հյուրեր, այդ թվում՝ Ռեյչել Զոին, Քորթնի Քոքսը, Քեյթ Հադսոնը, Լեոնարդո Դի Կապրիոն՝ ընկերուհու՝ Վիտորիա Չերետտիի հետ, ինչպես նաև Ջեֆ Բեզոսն ու նրա կինը՝ Լորեն Սանչես Բեզոսը։
Հարսանիքին մասնակցել են նաև Մագուայրի և Մեյերի երեխաները՝ 19-ամյա Ռուբին և 17-ամյա Օտիսը, ինչպես նաև Մեյերի և Օգունլեսիի՝ մայիսին ծնված դուստրը։
Մագուայրն ու Մեյերը ծանոթացել են 2003 թվականին, երբ դերասանը նկարահանվում էր «Seabiscuit» ֆիլմում։ Նրանք ամուսնացել են 2007 թվականի սեպտեմբերին՝ Հավայան կղզիներում կազմակերպված արարողության ժամանակ, սակայն 2016 թվականի հունիսին հայտարարել են բաժանման մասին՝ ամուսնության իններորդ տարեդարձից ընդամենը երեք ամիս առաջ։
«Երկար մտորումներից և քննարկումներից հետո»՝ այսպես էին նախկին ամուսինները բացատրել իրենց որոշումը՝ ընդգծելով, որ իրենց առաջնահերթությունը երեխաներին սիրով, հարգանքով և ընկերությամբ միասին մեծացնելն է։
Թեև բաժանումից չորս տարի անց Մեյերը դիմել էր ամուսնալուծության համար, գործընթացը պաշտոնապես ավարտվել է միայն 2026 թվականի սեպտեմբերի 21-ին՝ նրանց բաժանումից ավելի քան տասը տարի անց։




















