Չգիտեմ, թե Աննա Հակոբյանն ում հաշվին է Տանզանիա գնացել. նրա հրապարակումները չեմ տեսել. Հրաչյա Հակոբյան
Մանրամասն չգիտեմ, թե Աննա Հակոբյանն ու՞մ հետ, ո՞ւմ հաշվին է գնացել Տանզանիա, դուք եթե գիտեք, ուրեմն կիմանաք՝ շահերի բախում կա՞, թե՞ ոչ, լրագրողների հետ զրույցում ասաց Աննա Հակոբյանի եղբայր, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Դիտարկմանը՝ արդյո՞ք նոյեմբերի 9-ին այնտեղից լուսանկարներ հրապարակելը ճիշտ է համարում՝ Հակոբյանը պատասխանեց.«Դա էլ չեմ կարող մեկնաբանել, քանի որ չեմ տեսել, թե երբ է հրապարակել։ Հետևում եմ իրենց սոցիալական էջերին, սակայն այդ հրապարակումը չի հանդիպել»։
Նա ավելացրեց, որ իր համար նոյեմբերի 9-ը շատ ցավոտ օր է եղել. «Այդ օրը եղել եմ Երևանում, Եռաբլուր այս տարի չեմ գնացել»։
Այնուհետև Հակոբյանն ուղղեց իրեն՝ նշելով, որ Երևանում չի եղել.«Ինձ թված 2020 թվականի նոյեմբերի 9-ի հետ էիք։ Այս տարի այստեղ չեմ եղել։ Իշխանությունը տարբեր օրերի այցելում է Եռաբլուր, հարգանքի տուրք է մատուցում և՛ 2020 թվականի պատերազմի զոհերին, և ընդհանրապես բոլոր զոհերի հիշատակին»։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանի նախագահի կինը նոյեմբերի 9-ին հրապարակում է՝ ինչպես է իրենց դրոշը ծածանվում Ստեփանակերտում, իսկ մեր վարչապետի կինը Տանզանիայից է լուսանկարներ տեղադրում՝ Հակոբյանն ի պատասխան նշեց.«Ադրբեջանի նախագահի կնոջն առհասարակ չեմ ուզում մեկնաբանել, թե ինչ է անում։ Եթե Աննա Հակոբյանին հետևում եմ, սակայն չէի տեսել, Ադրբեջանի նախագահի կնոջն առհասարակ չեմ հետևում, թե ինչ է անում։ Որոշ լրատվամիջոցներ ավելի շատ հետևում են Ադրբեջանի նախագահի ընտանիքի հետ կապված հրապարակումներին, քան, օրինակ, մեր երկրի որոշ պաշտոնյաներին»։