Կայացավ բազմադեղանշանակման և կլինիկական դեղագիտության թեմայով մասնագիտական սեմինարը
- 1 hour ago
- 2 min read

«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի և «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ «Բազմադեղանշանակում և կլինիկական դեղագիտություն. արդի մոտեցումներ և գործնական լուծումներ» թեմայով մասնագիտական սեմինարը, որը միավորեց ոլորտի մասնագետներին՝ քննարկելու դեղերի միաժամանակյա կիրառման ռիսկերը, դեղերի փոխազդեցությունների կլինիկական նշանակությունը և դրանց կառավարման գործնական լուծումները։
Իր մասնագիտական գիտելիքն ու փորձն առաջինը ներկայացրեց Օսլոյի Մետրոպոլիտեն համալսարանի դոցենտ, ռացիոնալ դեղաբուժության փորձագետ Յուրի Կիսելյովը։ Նա խոսեց ոլորտի միջազգային փորձի մասին և ընդգծեց գիտելիքի փոխանակման կարևորությունը՝ ուղղված առողջապահական համակարգի զարգացմանը:
Սեմինարի ընթացքում քննարկվեց բազմադեղանշանակման սահմանումը, դեղերի հնարավոր փոխազդեցությունները, ինչպես նաև դեղային ռեակցիաների կանխարգելման մեխանիզմները։
«Որպես բժիշկ ասեմ, որ սա շատ կարևոր միջոցառում է, որովհետև մենք շատ ենք նշանակում դեղորայք պացիենտներին, բայց այդքան էլ տեղյակ չենք՝ այդ դեղորայքներն ունե՞ն ճիշտ փոխազդեցություն, թե՞ ոչ: Նման միջոցառումներն օգնում են դա հասկանալ և օգնում են նաև հասկանալ կլինիկական դեղագետի դերը բուժական գործընթացի մեջ»,-նշում է «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վիրաբույժ-ուռուցքաբան Վահագն Համբարձումյանը:
Սեմինարի մասնակիցները հնարավորություն ունեցան դիտարկել նաև գործնական դեպքեր և մասնագիտական քննարկումների միջոցով վերլուծել դրանք։ Իր փորձով կիսվեց նաև կլինիկական դեղագետ Մելանյա Սահակյանը, ով անդրադարձավ ուռուցքաբանության ոլորտում կլինիկական դեղագիտության կիրառման առանձնահատկություններին և դրա զարգացման հեռանկարներին՝ ՀՀ-ում:
«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ ի պատիվ 44-օրյա պատերազմի մասնակից, կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի: Հինգ տարվա ընթացքում հիմնադրամն ավելի քան 57 միլիոն դրամի ներդրում է կատարել՝ ուղղված Հայաստանի կրթական և գիտահետազոտական ոլորտների զանգացմանը։
«Մեր հիմնադրամը վերցրել է կարևոր հանձնառություն՝ կյանքի կոչելու Վահեի մասնագիտական երազանքը: Լինելով կլինիկական դեղագետ՝ Վահեն որոշակի գործնական քայլեր էր ձեռնարկել իր ոլորտը զարգացնելու համար և մեր հիմնադրամը, ինչպես բազմիցս նշել եմ, Վահեի կյանքի անտրամաբանական շարունակությունն է»,-ասում է «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը:
Վահե Մելիքսեթյանի մասնագիտական նախաձեռնությունները շարունակում են ապրել հիմնադրամի իրականացրած ծրագրերի միջոցով։ Անցկացված սեմինարը ևս մեկ հարթակ էր բժիշկների և դեղագետների համար՝ քննարկելու բազմադեղանշանակման խնդիրներն ու գտնելու դրանց առավել արդյունավետ լուծումները, և քայլ՝ կլինիկական փորձագետի անկատար երազանքի իրականացման համար:




















