top of page

«Բարսելոնան» հայտարարել է, որ նախորդ մրցաշրջանը փակել է գումարային մեծ կորստով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 1, 2024
  • 1 min read

«Բարսելոնան» 2023/24 մրցաշրջանի արդյունքներով գրանցել է 91 միլիոն եվրոյի կորուստ, հաղորդվում է ակումբի պաշտոնական կայքում։

Ակումբի տնօրենների խորհուրդը երկուշաբթի օրն անցկացրել է արտահերթ նիստ, որի ընթացքում հաստատվել են անցած մրցաշրջանի ֆինանսական արդյունքները և 2024/25 մրցաշրջանի բյուջեի ծրագիրը։ Փաստաթղթերը պետք է հաստատվեն ընդհանուր ասամբլեայի նիստում։

Ինչպես նշվում է, ակումբը գրանցել է ռեկորդային եկամուտ հովանավորական պայմանագրերից՝ ավելի քան 210 միլիոն եվրո։ «Բարսելոնան» նաև ստացել է ռեկորդային շահույթ ֆուտբոլիստների տրանսֆերներից, որը գերազանցել է 80 միլիոն եվրոն։ Աշխատավարձերի հիմնադրամը նվազել է 670 միլիոն եվրոյից մինչև մոտ 500 միլիոն։ Զեկույցում նշվում է, որ «Կամպ Նոու» մարզադաշտի վերակառուցման պատճառով տնային հանդիպումների անցկացումը Օլիմպիական մարզադաշտում հանգեցրել է տարեկան սովորական եկամտի ավելի քան 100 միլիոն եվրոյի կրճատման։

Ինչ վերաբերում է ընթացիկ մրցաշրջանի բյուջեի նախագծին, ապա «Բարսելոնան» ակնկալում է, որ հովանավորությունից ստացվող եկամուտները «էականորեն կաճեն» և կհասնեն 250 միլիոն եվրոյի։

«Կանխատեսվում է, որ թիմը մրցաշրջանի երկրորդ կեսին կվերադառնա «Կամպ Նոու»։ Ակումբը ակնկալում է ֆիզիկական և էլեկտրոնային վաճառքների հետագա աճ՝ կանխատեսելով ավելի քան 125 միլիոն եվրո եկամուտ։ Կպահպանվի զգուշավոր ներդրումային քաղաքականությունը, որը կհարմարեցվի ակումբի ընթացիկ ֆինանսական վիճակին, և շեշտը կդրվի ակումբում գտնվող ֆուտբոլիստների զարգացման վրա։

2024/25 մրցաշրջանի աշխատավարձերի հիմնադրամի կանխատեսվող չափը կայուն կմնա 500 միլիոն եվրոյի մակարդակում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը և Չեմպիոնների լիգայից դուրս է մնացել քառորդ եզրափակչում։

1/2213
bottom of page