«ՄԱԳԱՏԷ-ին թույլատրվել է ստուգումներ անցկացնել Իրանի չվնասված միջուկային օբյեկտներում»․ Գրոսսի
- Elen Hovsepyan

- 3 hours ago
- 1 min read

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) վերսկսել է ստուգումներն Իրանում, սակայն առանցքային օբյեկտներին հասանելիություն չունի, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«Սա ամենակարևոր խնդիրն է, որի հետ մենք ներկայում բախվում ենք Իրանում»,- ասել է Գրոսսին՝ մեկնաբանելով, թե արդյոք գործնական առաջընթաց է գրանցվել ստուգումների վերսկսման հարցում հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված հարվածներից հետո, և թե երբ ՄԱԳԱՏԷ մասնագետները կրկին կկարողանան մուտք գործել Նաթանզում, Սպահանում և Ֆորդոյում գտնվող օբյեկտներին։
Նա հավելել է, որ Գործակալությանը հաջողվել է վերականգնել և վերսկսել տեսչական գործունեությունը, սակայն այն շատ սահմանափակ է։
«Մեզ թույլատրվում է մուտք գործել միայն այն օբյեկտներ, որոնք հարվածների չեն ենթարկվել։ Սա լավ է այն առումով, որ այս օբյեկտները գտնվում են ստուգման ենթակա օբյեկտների համաձայնեցված ցանկում։ Սա կարևոր է մեզ համար։ Բայց, իհարկե, մյուս երեք օբյեկտները (Նաթանզում, Սպահանում և Ֆորդոյում - խմբ.) ավելի մեծ նշանակություն ունեն, քանի որ դրանք դեռևս պարունակում են միջուկային նյութերի և սարքավորումների զգալի քանակություն, և մենք պետք է վերադառնանք այնտեղ», - նշել է Գրոսսին։




















