Չաղ ու բախտավոր. Ահա այս տեսքով են Տեխասում գտել գրեթե երկու շաբաթ անհետ կորած ընձուղտին
- 1 day ago
- 2 min read

Տեխասի գյուղական շրջանում գտնվող մասնավոր որսորդական ագարակից փախած և գրեթե երկու շաբաթ անհետ կորած Գրեյսի անունով ընձուղտը հայտնաբերվել է ագարակից ընդամենը մի քանի մղոն հեռավորության վրա։ The Guardian-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ռեալ շրջանի շերիֆ Նաթան Ջոնսոնը՝ Facebook-ում կատարած գրառմամբ՝ տեղեկացնելով, որ օդային որոնումները վերջապես արդյունք են տվել։
Գրեյսին դուրս էր եկել իր վանդակից հունիսի 12-ին՝ Լիքի քաղաքի Cedar Hollow Ranch ագարակում։ Մոտ 700 բնակիչ ունեցող Լիքին գտնվում է Սան Անտոնիոյից շուրջ երկու ժամվա ճանապարհի վրա։ Այդ պահից սկսված որոնումները լայն արձագանք էին ստացել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մամուլում։ Արևելյան Աֆրիկայի մի շարք երկրների բնիկ ցանցավոր ընձուղտի անհետացումը Տեխասի լեռնային շրջանում մեծ հետաքրքրություն էր առաջացրել համացանցում։ Որպեսզի բնակիչները կարողանային օգնել որոնումներին, հրապարակվել էր Գրեյսիի առանձնահատկությունները՝ կոչ անելով հետևել կենդանուն և չշփոթել նրան տարածքում հանդիպող այլ կենդանիների հետ։
CBS News-ի Սան Անտոնիոյի KENS հեռուստաընկերության տվյալներով՝ Cedar Hollow Ranch-ի մենեջեր Վիկ Ջոնսը 5000 դոլարի պարգևատրում էր հայտարարել այն տեղեկության համար, որը կօգներ գտնել Գրեյսիին։
Որոնողական աշխատանքներում օգտագործվել են ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Որոնումների ընթացքում, սակայն, տարածվել էր նաև ապատեղեկատվություն։ Երեքշաբթի երեկոյան WOAI հեռուստաընկերության կայքը հրապարակել էր տեղեկություն, թե Գրեյսին արդեն գտնվել է։ Ավելի ուշ Նաթան Ջոնսոնը հերքել էր այդ հաղորդումը՝ հայտարարելով, որ ընձուղտը դեռևս փնտրվում է։
Ուրբաթ առավոտյան, տեղական ժամանակով ժամը 10-ից քիչ առաջ, հայտնել էին, որ Cedar Hollow Ranch-ի մենեջեր Վիկ Ջոնսի և Concho Aviation ընկերության ներկայացուցիչ Ջեֆ Հիլլի իրականացրած օդային որոնումների արդյունքում Գրեյսին հայտնաբերվել է։ Ըստ նրա՝ ընձուղտը գտնվել է Cedar Hollow Ranch-ից մոտ չորս մղոն հարավ՝ թփուտներով պատված տեղանքում։ Վիկ Ջոնսն արդեն կապ է հաստատել անասնաբույժի հետ և ձևավորում է մասնագետների թիմ, որը պետք է ապահով կերպով բռնի Գրեյսիին և վերադարձնի ագարակ։ WOAI հեռուստաընկերությանը տված մեկնաբանության մեջ Նաթան Ջոնսոնը նշել է, որ Գրեյսին հայտնաբերման պահին «չաղ և բախտավոր» տեսք ուներ և իրեն պահում էր այնպես, կարծես ասում էր. «Բռնեք ինձ, եթե կարող եք, սրիկաներ»։




















