Քոչարյանը հուշարարի դեր էր ստանձնել ՊՊԾ տեղակալի համար՝ քծնելով Փաշինյանին ու տիկնոջը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր իր վարած նիստի ժամանակ որոշել էր հուշարարի դեր ստանձնել ՊՊԾ պետի տեղակալ Գրիգոր Առաքելյանի համար, որ վերջինս ավելի հեշտությամբ կարողանա պատասխանել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցերին։
Մասնավորապես, Մանուկյանը Առաքելյանին հարց ուղղեց Աննա Հակոբյանին սպասարկող Lexus LX500 մակնիշի ամենագնացի մասին, թե ի՞նչ հիմնավորմամբ է որոշվել Փաշինյանի տիկնոջը սպասարկող մեքենան։ Նա նաև հետաքրքրվեց, թե ի՞նչ տրամաբանությամբ է որոշվել, որ վերջերս Աննա Հակոբյանի կողմից «հաջողակ տղամարդկանց» համար կազմակերպված 1 միլիոնանոց ընթրիքին պետք է մոտ երեք տասնյակ ՊՊԾ աշխատող ապահովի Փաշինյանի տիկնոջ անվտանգությունը։
Video Player
«Մեկ բարեգործական կազմակերպության ճաշկերույթին երեք տասնյակից ավելի ՊՊԾ ծառայողների ներկայությունը ո՞ր օրենքով է կարգավորվում»,- հարցրեց Գեղամ Մանուկյանը ՊՊԾ պետի տեղակալին։
Ու մինչ ՊՊԾ պետի տեղակալ Գրիգոր Առաքելյանը կպատասխաներ, նիստը վարող Անդրանիկ Քոչարյանը առաջ ընկավ և հուշեց, թե ինչ պետք է պատասխանի Գրիգոր Առաքելյանը․ «Դե, իհարկե, հիմա պարոն Առաքելյանը կպատասխանի, որ Պետական պահպանության ծառայությունն ունի իր առջև դրված ֆունկցիոնալ խնդիրները և իրացնում է իր պարտականությունները։ Խնդրեմ, պարոն Առաքելյան, պատասխանեք մեր գործընկերոջը»։
ՊՊԾ պետի տեղակալ Գրիգոր Առաքելյանն էլ օգտվեց Քոչարյանի հուշումից և նմանատիպ պատասխան տվեց, թե անվտանգությունից ելնելով, իրավիճակը գնահատելով՝ կարող է տարբեր քանակի հասնել անվտանգության աշխատակիցների թիվը։
Փաստորեն, Անդրանիկ Քոչարյանը երկարամյա ծառայության փորձ ունեցող ՊՊԾ պետի տեղակալին դպրոցական աշակերտի տեղ դրած՝ որոշեց հուշել, թե ինչ պետք է պատասխանի վերջինս։ Երևի Քոչարյանը մտածում էր, թե ՊՊԾ պետի տեղակալը այդքան խելք, փորձ կամ գիտելիք չունի, որ պատշաճ պատասխանի ընդդիմադիր պատգամավորի հարցերին, ուստի պետք է հենց ինքը հուշի նրան՝ ինչպես պատասխանել հարցերին։ Իրականում, Քոչարյանի այդ հուշումից տպավորություն էր, որ նա այդպիսով փորձում էր քողարկված կերպով քծնել Նիկոլ Փաշինյանին ու իր տիկնոջը՝ ցույց տալով, թե որքան շատ է ինքը կարևորում այդ երկու անձնի անվտանգությունը, և որ ՊՊԾ-ն ինչ անում է՝ լավ է անում։ Սա, թերևս, պայմանավորված է վերջին շրջանում Քոչարյանի դեմ ՔՊ-ականների սկսած արշավից, քանզի ՔՊ-ում բարձրացել էին նրանից ազատվելու հարցը, և հիմա Անդրանիկ Քոչարյանն առիթը բաց չի թողնում՝ իր ծառայությունն ու հավատարմությունը ցուցադրելու Փաշինյանին ու նրա տիկնոջը, որ իրեն ապահովագրի թիմակիցների հարձակումներից։
Վահե Մակարյան