top of page

ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել կարգալույծ Արամայիս Թախմազյանի դեմ

  • 3 hours ago
  • 1 min read

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել՝ ընդդեմ կարգալույծ նախկին հոգևորական Արամայիս Թախմազյանի։ ՀԱՍԵ-ն պահանջում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից՝ պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին՝ վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, այդ թվում՝ Եկեղեցու բանալիները՝ արգելելով Արամայիս Թախմազյանին մուտք գործել Սուրբ Աստվածածին եկեղեցու Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։ Միևնույն ժամանակ՝ Արամայիս Թախմազյանից հօգուտ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։ Հայցը դատարան մուտքագրվել է երեկ և մակագրվել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Մկրտչյանին։ Այս մասին հայտնում է «Փաստ»-ը։

Հիեցնենք՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած Թախմազյանը կարգալույծ է հռչակվել դեկտեմբերի 2-ին՝ Հայրապետական տնօրինությամբ։ Թախմազյանը, նախկինում՝ Տեր Թադեն, կարգալույծ է հռչակվել՝ Եկեղեցին վարկաբեկելու, զրպարտչական հայտարարությունների համար, հակաեկեղեցական գործողություններ իրականացնելու, մասնավորապես, կարգալույծ հռչակված անձի մեղքին մասնակցելու համար, պատարագներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչելու համար՝ հարելով հերձվածողական շարժմանը, եկեղեցական իշխանության նկատմամբ անհնազանդություն դրսևորելու համար։ Կարգալույծ հռչակվելուց հետո, սակայն, Թախմազյանը՝ ինչպես և կարգալույծ Ստեփան Ասատրյանը, հրաժարվել են լքել եկեղեցին՝ մատուցելով կեղծ պատարագներ, ավելին, Թախմազյանի մուտքը եկեղեցի «ապահովելու» համար Թալինի ՔՊ-ական ղեկավար Տավրոս Սափեյանի գործողությունները ևս աչքի են ընկել, երբ վերջինս թույլ չի տվել իրապես օծյալ քահանային ժամերգություն կատարել։ Թախմազյանն ինքը նաև հայց է ներկայացրել Եկեղեցու դեմ՝ վիճարկելով իրեն կարգալույծ հռչակելու տնօրինությունը, սակայն այդ հայցը վերադարձվել է։

 
 
bottom of page