top of page

Իսպանիայում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնումը մի քանի ժամ կպահանջի

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 day ago
  • 1 min read

Իսպանիայում էլեկտրամատակարարման լիարժեք վերականգնման համար կարող է պահանջվել վեցից տասը ժամ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Pais թերթը՝ հղում անելով Red Electrica ազգային էլեկտրական ցանցի շահագործման տնօրեն Էդուարդո Պրիետոյին։


«Պրիետոն նշել է՝ էլեկտրաէներգիայի լիարժեք վերականգնման համար կարող է պահանջվել վեցից տասը ժամ», - գրում է թերթը։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի և Պորտուգալիայի զգալի հատվածներում էլեկտրականության անջատումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով կաթվածահար է եղել հանրային տրանսպորտի աշխատանքը, առաջացել են մեծ խցանումներ, հետաձգվել չվերթեր։ 


Իշխանությունները դեռ չեն կարողացել պարզել անջատումների հստակ պատճառը՝ չնայած կիբերհարձակումը չի բացառվում։ Կատարվում է հետաքննություն։ 


Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ Իսպանիայում իրավիճակը կառավարելու համար ճգնաժամային հանձնաժողով է ստեղծվել։ Էլեկտրականության անջատումից հետո Իսպանիայի և Պորտուգալիայի կառավարությունները նախարարների կաբինետի նիստեր են անցկացրել։ 


Իսպանիայի ռադիոկայանները հաղորդել են, որ Մադրիդի մետրոյի որոշ հատվածներից մարդկանց տարհանում է իրականացվել։ Մայրաքաղաքի առանցքային շենքերի մոտ մեծ թվով իրավապահներ են տեղակայվել։ Ամբողջ երկրում չվերթերի հետաձգումներ են արձանագրվել։


Պորտուգալիայում, ըստ ոստիկանության, անջատվել են նաև լուսացույցները, Լիսաբոնում և Պորտուում մետրոյի աշխատանքը դադարել է։ Լիսաբոնի մետրոյի օպերատոր ընկերությունը հայտնել է, որ ուղևորներով լի գնացքները կանգնած մնացել են տեղում։ Կարճ ժամանակով էլեկտրականության անջատումներ են եղել նաև Անդորայում և Ֆրանսիայի որոշ հատվածներում։


Մադրիդի քաղաքապետը մարդկանց կոչ է արել խուսափել ճանապարհներից և արտակարգ ծառայություններին զանգահարել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

1/2090
bottom of page