top of page

«Խելագարը լավ է ճանաչում հանրային հոգեբանությունը». Նաիրի Հոխիկյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 day ago
  • 2 min read

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աշխարհում չկա գեթ մեկ մարդ, ով սխալված չլինի իր հաշվարկներում կամ վերլուծություններում։ Նույնիսկ գերտերությունների նախագահներն են հաճախ խոստովանում, որ սխալվել են ինչ-որ հարցերում։


Հանրությունն էլ է սխալվում, որը ավելի շատ արտահայտվում է ընտրությունների ժամանակ, բայց ի տարբերություն առանձին գործիչների, հանրությունը երբեք չի խոստովանում իր սխալները։ Օրինակ, երբեք չես լսի, որ մարդիկ ընդունեն իրենց սխալը խելագարին ընտրելու և իրենց գլխին փորձանք սարքելու համար։


Խելագարն էլ, բնականաբար, լավ է ճանաչում հանրային այդ հոգեբանությունը և իր գործած հանցանքները գցում է ցանկացածի վրա, բայց երբեք իրեն մեղավոր չի ճանաչում։ Խելագարը լավ է հասկանում, որ հանրությունը ենթագիտակցորեն չի ցանկանա իր ընտրած խելագարին մեղավոր ճանաչել, որ հանկարծ ինքը պատասխանատու չլինի այդ խելագարի մեղքերի համար։


Հանրությունն աչք է փակում իր սխալների և դրանց հետևանքով եղած աղետների վրա` համարելով, որ ինքը պատասխանատու չէ ոչ մի վատ բանի համար։


Մինչդեռ նույն հանրությունը չի ներում, երբ սխալվում են մյուս գործիչները։ Ոչ միայն չի ներում, այլև քարկոծում է նույնիսկ փոքրիկ սխալները` անընդհատ աչք մտցնելով, թե բա` դու այսպես էիր ասում, ինչո՞ւ չեղավ։


Պատկերացնո՞ւմ եք, ես, որ երբեք պետական պաշտոնյա չեմ եղել, ինձ էլ են հաճախ մեղադրում, թե 2020-ից հետո ասում էի` Արցախը չի հանձնվելու ամբողջովին, բայց հանձնվեց։ Տպավորություն է, որ ես եմ հանձնել։ Ցավոք, ես հնարավորություն չունեի բանակցելու Էրդողանի ու Ալիևի հետ, որպեսզի իմ հայրենիքը պահպանեի։ Այնտեղ, որտեղ ես եղել եմ որոշում կայացնող, հաջողել եմ, բայց միշտ չէ, որ կարող ես ճիշտ վերլուծություն անել, երբ դու չես որոշողը։


Փաստորեն, հիմա որոշ մարդիկ ինձ մեղադրում եմ Նիկոլի գործած հանցանքների համար։


Մարդիկ չեն սիրում պատասխանատվություն ստանձնել, ուստի նաև չեն սիրի պատասխան տալ իրենց արածների ու չարածների համար։


Հանրային ու քաղաքական գործիչները սա պետք է ընդունեն ի գիտություն և մշտապես պատրաստ լինեն քարկոծվելու նույնիսկ չգործած սխալների համար։ Բայց դա էլ է պատասխանատվություն սեփական ժողովրդի առաջ»։

 
 
bottom of page