Տղամարդը ժամանցի ակումբում աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է տնօրենի հետ և կրակել
- Elen Hovsepyan
- 1 day ago
- 1 min read

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ:
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր մոտ եղած ատրճանակով կրակել։
Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ խուլիգանության և հրազեն ապօրինի պահելու հատկանիշներով։
Քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 21-ին 32-ամյա տղամարդը քննչական բաժնում ներկայացրել է հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը։
Հուլիսի 25-ին նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ հուլիսի 28-ին դատարանի որոշմամբ նա կալանավորվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։