top of page

Այս տարի Հայաստանում կարմրուկի ու կապույտ հազի դեպքերի աճ կա. ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն

Հայաստանում տարեսկզբից մինչև օգոստոսի 20-ի դրությամբ գրանցվել է կարմրուկի 547 դեպք, դեպքերի աճ է նկատվում, սակայն այս հիվանդության դեմ պատվաստում չստացած անձանց թիվը նախորդ տարվա համեմատ 1,8 տոկոսով նվազել է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը՝ շեշտելով, որ Հայաստանում կարմրուկի դեպքեր սկսել են արձանագրվել դեռևս 2023 թվականի սկզբից: 

«Նախորդ տարվա համեմատ այս տարի ունենք հիվանդության մի փոքր աճ: Եթե նախորդ ամբողջ տարվա ընթացքում գրանցվել էր 554 դեպք, ապա այս տարի մինչև օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածի համար ունենք արդեն 547 դեպք»,-ասաց Աթոյանը: 

Նրա խոսքով՝ ԱՆ-ն և ՀՎԿԱԿ-ը մեծ աշխատանք են տանում, որ հնարավորինս բարձրացնեն պատվաստման ցուցանիշները, քանի որ կարմրուկը կառավարելի հիվանդություն է: Եվ նրա դեմ ամենաարդյունավետ պայքարը ժամանակին համապատասխան պատվաստումներ իրականացնելն է:

«Իրականացված աշխատանքների շնորհիվ նախորդ տարվա համեմատ ունենք չպատվաստվածների թվի մոտ 1,8 տոկոս իջեցում, այսինքն՝ ավելի շատ մարդ է պատվաստվում: Իսկ թերի պատվաստվածների թիվը 2,9 անգամ իջել է»,-ասաց Աթոյանը և հավելեց, - «Կարմրուկը կառավարելի հիվանդություն է, որի դեմ ամենաարդյունավետ  պայքարը համապատասխան պատվաստումները ժամանակին կատարելն է»: 

Մասնագետը նշեց, որ, առհասարակ, վարակային հիվանդություններն ունեն համաճարակաբանական որոշակի օրինաչափություն: Կախված հիվանդությունից՝ 4-7 տարին մեկ նկատվում է հիվանդացության դեպքերի բարձրացում: Կարմրուկի դեպքերի նման բարձրացում եղել է 2017-2018 թթ: Նույն սկզբունքով այս տարի դիտվում է նաև կապույտ հազի ակտիվացում։ Նրա խոսքով՝ այս հիվանդությունը նույնպես ենթարկվում է օրինաչափությանը, քանի որ նախորդ բարձրացումը եղել է 2017-2018 թվականին։

«Այդ ժամանակահատվածում 237 դեպք է գրանցվել, 2023-ին՝ 50 դեպք, այս տարի  մինչև օգոտոսի 1-ն ունենք 98 գրացված դեպք։ Դեպքերի ճնշող մեծամասնությունը գրանցվում է մինչև  18 տարեկանների շրջանում, շատ մեծ բաժին են կազմում նախադպրոցական տարիքի երեխաները»,- ասաց Աթոյանը։ 

Comments


1/1765
bottom of page