ՄԱՍԻՍ ՍԱՐՈՒՄ ԹԱՂՎԱԾ Է ՄԵՐ ՄԵԾԵՐԻՑ ՄԵԿԻ ՍԻՐՏԸ
Հավանաբար բոլորդ գիտեք Հովհաննես Շիրազի «Կտակ» ստեղծագործությունը, որում մեծ բանաստեղծը դիմել է որդուն եւ, քանի որ ուրիշ գանձ չի ունեցել կտակելու, փոխարենը որպես հայր իր երազանքն է թողել․
«Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սեւ ամպից,
Որ տուն բերես շալակած արդարությամբ մեր անբիծ,
Ու կբերես, իմ բալիկ, թեկուզ քո խեղճ թաթիկով
Մեր սարն այս կողմ շուռ կտաս` արդարությանդ ուժն է ծով,
Ու երբ բերես, իմ բալիկ, սիրտս էլ շիրմից կհանես,
Կբարձրանաս ու սիրտս ազատն ի վեր կտանես
Ու կթաղես իմ սիրտը ձյուների տակ Մասիսի,
Որ շիրմում էլ` դարավոր հուր կարոտից չմրսի:
Քեզ Մասիսն եմ կտակում, որ դու պահես հավիտյան,
Որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հոր տան»։
Հիմա կասեք՝ դա բոլորս էլ գիտենք։ Ընդունում եմ, բայց քչերդ գիտեք, որ «Մահից հետո որդին թույլ չի տվել հոր սիրտը մարմնի հետ թաղել։ 2006 թվականին 4 երիտասարդ բարձրացել են Արարատի գագաթն ու ձյուների մեջ թաղել Շիրազի սիրտը։ Այնտեղից մի բուռ հող են բերել և Երեւանում Կոմիտասի անվան Պանթեոնում շաղ տվել Շիրազի գերեզմանին:
Ի դեպ, այն տարբերվում է մյուս գերեզմաններից, քանի որ վրան տապանաքար չկա: Որդուն՝ Արային, ասել է. «Գիդես, չէ՞, օր մեռա՝ վրես քար չես քցե, օր հայրենիքիս արևի շողերը, անձրևի կաթիլները միշտ զգամ: 100 տարի էլ անցնի, 500 էլ անցնի՝ մեկ է, Մասիսը մերը պտի էղնի: Էհ, մերն օր էղավ, ժողովուրդը պդի բղավե, օր մերն է: Քարը օր դնես, ձենն ակնջիս չի հասնի...»:
Comments