«Հենց հասկանա՝ ՌԴ-ն հաղթում է, էլի ականատես կլինենք՝ «Լադիմիր Լադիմիրովիչ սպասիբը»-ների շարքին»․ Էդուարդ Շարմազանով
«Զարմանում եմ, որ էս օրով անամոթության շքերթ են կազմակերպում և նույնիսկ գալիս են այստեղ»,- Հաղթանակի զբոսայգում, անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այցին, ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ «ՔՊ-ական ողջ խմբակը` Նիկոլի գլխավորությամբ, արեց այնպես, որ այսօր եռատոնը նշում ենք մրմուռը սրտում, որովհետև եռատոնի գլխավոր խորհրդանիշներից էին Արցախի բանակի ստեղծումն ու Շուշիի ազատագրումը, իսկ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Ես ասել եմ՝ ինքը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ»,- ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով Նիկոլ Փաշինյանը գնացել է Մոսկվա, որովհետև լավ չի կողմնորոշվում, թե ինչպես կավարտվի ուկրաինական ճգնաժամը․ «Հենց հասկանա, որ ճգնաժամն ավարտվելու է Ռուսաստանի հաղթանակով, էլի ականատես կլինենք՝ «Լադիմիր Լադիմիրովիչ սպասիբը»-ների շարքին։ Իսկ Աստված չանի, եթե Ռուսաստանը անհաջողության մատնվի, որի հեռանկարը գրեթե զրոյական է, այն ժամանակ էլի կխոսի հակառուսականությունից, բայց Նիկոլ Փաշինյանը, դասական առումով, թուրքամետ գործիչ է, սպասարկում է Թուրքիայի շահերը ու Հայաստանը դարձրել է թուրքական շահերի սպասարկման վայր»,- ասաց Շարմազանովը։




















