ԱՄԵՆԱՎԱՏ ԲԱՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼ ՍՈՒՏԻ «ԼԱՎ ՏՂԵՐՔԻՑ»
- Elen Hovsepyan
- Jun 11
- 2 min read

Ամենավատ բաները միշտ պետք է սպասել պոռոտախոս, պարծենկոտ տղամարդկանցից` սուտի «լավ տղերքից»: Այդպիսիներից է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որը ժամանակին մեծ-մեծ խոսում էր, թե մինչեւ վերջ պայքարելու է հակապետական իշխանության դեմ, անկախ բոլոր տեսակի շանտաժներից ու քրեական գործերից, պոռոտախոսում էր, թե` թող տանեն նստացնեն ինձ, եւ 20 թվի պատերազմից հետո Սյունիքի համայնքապետերի հետ կուսակցություն էր ստեղծել, մտել էր «Հայաստան» դաշինքի ցուցակ, Ռոբերտ Քոչարյանի կողքին էր կանգնել: Հիմա իրավիճակ է փոխվել: Ինչպես օձն է ամեն սեզոնի իր կաշին փոխում, այնպես էլ Առուշանյանն ու այս տեսակի որոշ գործիչներ` մե՛կ ընդդիմադիր են, մե՛կ` իշխանամետ, մե՛կ հայրենասեր են, մե՛կ` հայրենիքի դավաճանների կողքին:
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի կատարած այցը Գորիս, հանրության շրջանում հերթական անգամ հիասթափություն առաջացրեց: Փաշինյանին հայհոյող ու քննադատող Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը նրան ջերմ ընդունելության էր արժանացրել, ժպիտը դեմքին՝ վազում էր կողքից, ինչ-որ բան պատմում: Եվ սա՝ այն օրերին, երբ վարչապետը հակաեկեղեցական արշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ: Իրեն հավատացյալ համարող Առուշը չնկատելու է տալիս այդ արշավը եւ որոշել է Փաշինյանի առաջ խոնարհվել ու ենթակայի հնազանդությամբ նպաստել նրա ծրագրի իրականացմանը:
Իսկ անցյալում հայտարարում էր. «Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի մտնել Սյունիք, որովհետեւ սյունեցիների պահած հողը հանձնել է թշնամուն», «Այո, Արցախի կորստի համար Նիկոլ Փաշինյանը մեղավոր է: Ինքս էլ, զենքը ձեռքիս, այդ կարծիքին եմ եղել, որ թող կռվենք, ես էլ մեռնեմ, իմ պես՝ 500 հազար հոգի էլ մեռնի, բայց Արցախը մնա իր տեղում, որովհետեւ իմ, ձեր, բոլորիս լինելիության համար միլիոնավոր հայեր զոհվել են։ Զոհվել են, որ մենք մնանք հայ, հայերեն խոսենք, քրիստոնյա մնանք: Գործող իշխանության օրակարգն էր, որ պետք է լինի խաղաղություն, մեր ազգաբնակչության մեծ մասն էլ գնաց, ընտրեց իշխանությանը»: «Այսօր թշնամին արդեն Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Որոտան գյուղում է: Թուրքերը եկել են, այդ 12 տունը՝ իրենց հողատարածքներով, վերցնում են: Այսինքն՝ գյուղի մի հատվածը վերցնում են, ու մի քանի մետրի վրա պետք է գյուղի տները, մի կողմում` թշնամին լինի, մի կողմում՝ մեր ազգաբնակչությունը»: «Գորիսի տարածքում բանակը նահանջի հրաման է ստացել»: «Նիկո՛լ, ի՞նչ երեսով ես գալիս Սյունիք․ Ադրբեջանի դրոշը ծածանվում է Մ2-ի Որոտանի հատվածում»: «Հանկարծ չմտածեք, որ ֆեյքաբուծարանն ուղղելով Սյունիք՝ կոտրելու եք Սյունեցու ոգին։ Սյունիքը չի հանդուրժելու ո՛չ ներքին դավաճանին, ո՛չ էլ արտաքին թշնամուն։ Սյունիքը միասնական է միշտ, ու ոչ ոք չկասկածի, որ այս հողից մաքրվելու են մարզի դարպասները բացած դավաճաններն ու թուրքերը»:
Այս բոլոր հայտարարությունները Առուշ Առուշանյանի հարցազրույցներից են: Իսկ 2021-ի ապրիլին տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հայտնի` «սյունյաց ողջույններով» այցը Սյունիքի մարզ, որի ժամանակ սյունեցիները, ի պատասխան Փաշինյանի ողջույնի, բացականչում էին` «ողջույն, բ…..ի տղա»: Առուշ Առուշանյանը, լինելով Փաշինյանի դեմ պայքարի առաջնագծում, այժմ քծնում ու խոնարհվում է նրա առաջ, նրա հետ շրջում Գորիսում, ողջագուրվում` իբրեւ թե այս բոլոր հայտարարություններն ինքը չի արել: Իսկ 2021-ից հետո Նիկոլ Փաշինյանը նորանոր աղետներ է բերել մեր երկրի գլխին, նոր տարածքներ է հանձնել եւ նոր զիջումների գնացել, այլ ոչ թե հակառակը: Այն ժամանակ դեռ Արցախը հանձնված չէր, Կիրանցը չէին կիսել երկու մասի, ՀՀ սահմանադրությունը, զինանշանը փոխելու մասին խոսք չէր գնում, ադրբեջանցիների վերադարձի մասին խոսակցություններ չկային: Ինչո՞ւ է Առուշ Առուշանյանը «ներել» Փաշինյանին, ի՞նչ է փոխվել 2021-ից ի վեր` դեպի լավը: Ոչինչ: Ուղղակի Առուշի նմանների համար առաջին տեղում անձնական շահն է: