Նիստերի փոխարեն՝ գործուղումներ. ո՞ւր է ուղարկել Ալեն Սիմոնյանը ընդդիմադիրներին

ԱԺ պատգամավորների գործուղումները շարունակական ու անխափան գործընթաց են, որին ակտիվ մասնակցում է նաև ընդդիմությունը: Այն ընդդիմությունը, որը կոնկրետ երեկ ու այսօր բոյկոտեց ««Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» նախագծի քննարկումն ու քվեարկությունը:
Այլ կերպ ասած, ընդդիմությունը չի մասնակցում երկրի համար վճռորոշ հարցերի քննարկմանն ու քվեարկությանը, ինչի համար արժանանում է բուռն քննադատությունների այդ թվում նաև ընդդիմադիր գործընկերների կողմից, բայց հանգիստ մեկնում է գործուղումների՝ ԱԺ նախագահի կարգադրությունների հիմքով:
MediaHub-ն ուսումնասիրեց թարմ գործուղումների ցանկը և հայտնաբերեց, որ այս անգամ ավելի շատ ընդդիմադիրներն են մեկնելու, քան ՔՊ-ականները: Օրինակ, Լատվիայի Ռազմավարական հաղորդակցությունների Սիմպոդիում Ինստիտուտի եւ Վիձեմեի Կիրառական գիտությունների համալսարանի համատեղ կազմակերպած «Ռազմավարական հաղորդակցություններ» համաժողովին մասնակցելու համար «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հոկտեմբերի 20-ից 26-ը կգտնվի Ռիգայում (Լատվիայի Հանրապետություն):
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեկնել է Վաշինգտոն, որտեղ կգտնվի հոկտեմբերի 22-24-ը: Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից տեղեկանում ենք, որ ՀՅԴ-ական պատգամավորը կմասնակցի «2024 թվականի Գլոբալ խորհրդարանական ֆորում»-ին:
Կիրակի օրը Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ ՀՀ ԱԺ-ն գործուղելու է 4 պատգամավորների՝ ՔՊ-ական Դավիթ Դանիելյանին և Դավիթ Կարապետյանին, ինչպես նաև ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ Արծվիկ Մինասյանին և Տիգրան Աբրահամյանին: Նրանք կգործուղվեն հոկտեմբերի 25-28-ը:
Իսկ ահա «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանն ու Գեղամ Նազարյանը մեկնել են Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)՝ ԱՊՀ ՄԽՎ Ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի, ինչպես նաեւ Գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար: Արմեն Ռուստամյանն արդեն վերադարձել է, իսկ Գեղամ Նազարյանի գործուղումը կավարտվի այսօր: