Էդմոն Մարուքյանը 1 տարի ժամկետով դառնալու էր վարչապետ, ու իրականանալու էր ընդդիմադիրների 4 տարվա տվայտանքը՝ վարչապետը հեռանում էր. Հովիկ Աղազարյան
- Elen Hovsepyan
- 10 hours ago
- 1 min read
ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ եթե ընդդիմադիր խմբակցություններն աջակցեին Էդմոն Մարուքյանին ու իմպիչմենթը հաջող ավարտ ունենար, Էդմոն Մարուքյանը մեկ տարի ժամկետով դառնալու էր վարչապետ, ու մասնակիորեն իրականանալու էին ընդդիմադիրների 4 տարվա «տվայտանքները, երազանքները»։
«Վարչապետը հեռանում էր, մեկ տարով նշանակվում էր վարչապետ, հիմա այդ մեկ տարվա հնարավորությունը տրվում է»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Աղազարյանի կարծիքով՝ մեկ տարվա մեջ Նիկոլ Փաշինյանը գնում էր, հանգստանում էր, ընդդիմադիրներն ու Էդմոն Մարուքյանը թիմ էին ձևավորում, ներկայանում էին ընտրողներին իրենց ծրագրերով ու ժողովուրդը 2028-ին ձևավորում էր իշխանություն։
«Եվ մենք հնարավորություն կունենայինք նորագույն պատմության մեջ անցկացնելու ամենաարդար ընտրությունները, ինչո՞ւ, որովհետև կա Էդմոն Մարուքյան վարչապետ, կա ՔՊ մեծամասնություն, կա «Հայաստան » ու «Պատիվ ունեմ» դաշինք, կա ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան... այս ուժերից որևէ մեկը հնարավորություն չէր ունենա այս կամ այն կերպ բացասական ազդեցություն ունենալու ընտրական գործընթացների վրա։ Սա շատ գեղեցիկ հեռանկար էր, որը մենք չունեցանք»,- նշեց ՔՊ-ական նախկին պատգամավորը։
Աղազարյանը հույս ունի, որ երկրի համար օրհասական պահին ընդդիմությունը կփոխի որոշումն ու կմիանա իրենց, բայց իրենք բացառում են, որ կմիանան ընդդիմությանը։
Նախկին ՔՊ-ականները նաև «պլան Բ» ունեն, բայց հիմա փակագծեր չեն բացում։
Նշենք, որ ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, որոնք հիմնել են ՄԱՍԿ կուսակցությունը, վարչապետի թեկնածու են առաջադրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։