Ադրբեջանում դեմ են Ալիևի որոշմանը․ տասնյակ ձերբակալվածներ կան

Ադրբեջանում գրանցվել են հասարակական կարգի լուրջ խախտումների դեպքեր՝ կապված պետական ուսումնական հաստատություններում միասնական դպրոցական համազգեստի ներդրման կանոնակարգի ներդրման հետ, որը սահմանվել է Նախարարների կաբինետի համապատասխան որոշմամբ։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ երկրի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունը վկայակոչելով։
Գերատեսչության մամուլի ծառայության տվյալներով՝ Բաքվում մի խումբ անձինք կոնֆլիկտներ են ստեղծել կրթական հաստատությունների աշխատակիցների հետ՝ կապված միասնական դպրոցական համազգեստի կանոնակարգի ներդրման հետ, վնաս են պատճառել պետական ուսումնական հաստատություններին և փորձել են կատարել գործողություններ, որոնք կոպտորեն խախտել են հասարակական կարգը և խոչընդոտել են երթևեկության հոսքը և կրթական հաստատությունների բնականոն գործունեությունը։
ՆԳՆ համապատասխան քննչական մարմինները քրեական գործ են հարուցել Քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածով (հասարակական կարգը խախտող գործողություններ կազմակերպելը կամ ակտիվորեն մասնակցելը)։ Այս գործով ձերբակալվել է երեսունյոթ անձ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում հասարակական տարբեր խմբեր, աշակերտներ, ծնողներ և այլ քաղաքացիների ընդվզում են երկրի իշխանությունների և անձամբ Ալիևի որոշմամբ՝ կրթական հաստատություններում հիջաբի կրումն արգելող որոշման դեմ։ Հատկանշական է, որ այդ որոշման դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Թուրքիայում։




















