Պատմություն ասելով հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցյալում. առաջին անգամ է, որ մենք պատմություն ստեղծող ենք և ոչ թե վերարտադրող. Փաշինյան

Պատմություն ասելով հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցյալում. առաջին անգամ է, որ մենք պատմություն ստեղծող ենք և ոչ թե վերարտադրող: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պատմություն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցյալում։ Մի՞թե սա հիմնարար խնդիր չէ․ եթե պատմությունն արդեն տեղի է ունեցել, մենք այլևս ի՞նչ կարող ենք անել։ Կամ եթե նույնսիկ ինչ–որ բան կարող ենք անել, դա անցյալն այսօր վերարտադրելու և այսպիսով դա փոխելու փորձն է, բայց գործնականում հնարավոր չէ փոխել այն, ինչ արդեն տեղի է ունեցել։
Ի՞նչ անել ուրեմն։ Լուծումը մեկն է․ պատմություն ասելով նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա։ Այս ընկալումը մեզ դարձնում է պատմության լիարժեք հեղինակ, որովհետև այն ստեղծվում է հիմա և պետք է ստեղծվի վաղը։ Իսկ ի՞նչ է այն, որ տեղի է ունեցել անցյալում։ Դա պատմական փորձառությունն է, պատմական փորձը, որը գործնական ձեռնարկ է այն մասին, թե ինչ անել և ինչ չանել պատմությունը չկրկնելու համար։
Այն պատմությունը, որն այսօր ստեղծում է ՀՀ քաղաքացին, դրանով է առանձնահատուկ։ Այն նախկինում երբեք տեղի չի ունեցել և թերևս առաջին անգամ է, որ մենք պատմություն ստեղծող ենք և ոչ թե վերարտադրող։ Պատմությունն այլևս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա։ Իսկ պետք է տեղի ունենա հարատև պետության ռազմավարության իրագործումը, Ազատ և Երջանիկ Հայաստանի տեսլականով։
Ովքեր կիսում են Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անկախ նրանից, թե որտեղ և ինչ են աշխատում, աշխատանքի են հաճախում այս տեսլականով»,- նշել է նա։




















