Իրանը «խուճապի մեջ է». խոստացել է, որ կարձագանքի, բայց պատերազմի պատճառ չի ուզում դառնա․ հայացք Իսրայելից
Իրանը և Իսրայելը ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում են, ուժային տարբեր կենտրոններ անհանգստացած են հավանական զարգացումներից:
Իրանը հայտնում է, որ Իսրայելը պետք է գիտակցի իր գործողությունների հետևանքները, մասնավորապես, նկատի ունենալով այն, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարի սպանության համար։ Իսկ Իսրայելը դիտարկում է Իրանին կանխիչ հարված հասցնելու հնարավորությունը։
Ի՞նչ իրավիճակ է Իսրայելում և արդյո՞ք Իսրայելի բնակչության շրջանում կա խուճապ՝ Իրանի «ուժգին պատասխանին» սպասելիս․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերի հետ։
«Իրանի նախագահի երդմնակալության ժամանակ փակ շենքում ինչ-որ մեկը կարողացել է այնպիսի ահաբեկչություն իրականացնել, որի հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի առաջնորդը։ Իսրայելն, ի դեպ, իր վրա չի վերցրել այս ահաբեկչության պատասխանատվությունը, բայց, ամեն դեպքում, դա ցույց է տալիս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անվտանգության հետ կապված առկա բացերը։ Այսօր դա Իրանի հյուրն էր (սպանվողը – խմբ.), վաղը կարող է լինել Իրանի ղեկավարներից մեկը, ինչպես ասում են Արևելքում՝ «Իրանը նման ապտակ ստացավ և նա պետք է, ինչպես ընդունված է Արևելքում, ինչ-որ կերպ արձագանքի»»,– ասաց Ցինկերը։
Բայց Իրանը, ըստ իսրայելցի քաղաքագետի, խնդիր ունի. մի կողմից նա խոստացավ և պետք է արձագանքի, իսկ նրա առաջին հայտարարություններն այնքան ռազմատենչ էին, թե հենց վաղը ոչնչացնելու են գրեթե ողջ Իսրայելը։ Բայց ժամանակն անցնում է, և նրանց ելույթները դառնում են ավելի չափավոր, չեն ուզում տարածաշրջանային պատերազմ, որովհետև հասկանում են՝ Իսրայելի հակաօդային պաշտպանությունը, ինչպես ապրիլին, կխփի գրեթե ամեն ինչ։
«Այն ժամանակ, երբ անօդաչու հրթիռները բաց թողնվեն, Իսրայելն անմիջապես կպատասխանի: Իմ կարծիքով, Իրանը կարող է մեծ խնդիրներ ունենալ հակաօդային պաշտպանության հետ կապված։ Իզուր չէ, որ Իրանն այսօր կապի մեջ է Ռուսաստանի հետ, իզուր չէ, որ Շոյգուն գնաց Իրան, իսկ մինչ այդ մի քանի ծանր ինքնաթիռներ Ռուսաստանից Իրանում վայրէջք կատարեցին։ Հավանաբար, Իրանում տեղադրվում են հակաօդային պաշտպանության ինչ-որ համակարգեր՝ Իսրայելի հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար»,– նշեց իսրայելցի քաղաքագետը։
Հարցին թե ի՞նչ տրամադրվածություն ունի Իսրայելի բնակչությունը, արդյո՞ք անհանգստացած են Իրանի սպառնալից հայտարարություններից, Ցինկերը պատասխանեց, որ Իսրայելի բնակիչները, բնական է, անհանգստացած են, բայց, օրինակ, երեկ ֆիլհարմոնիայի դահլիճը լիքն էր, դատարկ նստատեղ չկար, փողոցում և սրճարաններում մարդաշատ է և այլն, այսինքն՝ կյանքը շարունակվում է։
«Տարբեր ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները դեպի Իսրայել, արտերկրում մնացել է 50 հազար իսրայելցի, որոնք պետք է վերադառնային հայրենիք։ Այսինքն՝ հիմա նրանք, ովքեր արտերկրում են, ավելի շատ մտահոգված են, թե ինչպես վերադառնան Իսրայել: Իսկ այն, թե որոշ խմբեր փորձում են հեռանալ Իսրայելից, ընդհանուր առմամբ, չի նկատվում»,– նշեց նա։
Եզրափակելով իր խոսքը` իսրայելցի քաղաքագետը նշեց, որ բացի այս ամենից, եթե հրետակոծություն սկսվի, և Իսրայելն ունենա բազմաթիվ տարբեր տեսակի զինատեսակներ, բնականաբար, դա կարող է Իրանում դժգոհության մեծ ալիք առաջացնել, ինչը, իհարկե, ղեկավարությունը չի ցանկանում, ուստի Իրանում մտածում են, թե ինչպես արձագանքեն, որ բոլորին ասեն՝ «տեսեք, մենք պատասխանեցինք», որովհետեւ չի կարելի նաև չպատասխանել, բայց նաև որ դա տարածաշրջանային մեծ պատերազմի պատճառ չդառնա։
«Իրանցիներն իրանա-իրաքյան պատերազմից հետո փորձում են ապահովել, որ Իրանի տարածքում ռազմական գործողություններ չլինեն, և կռվեն ուրիշի ձեռքով»,– եզրափակեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, Իրանի նախագահի երդմնակալության օրը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել էր, որ իր քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում իր նստավայրի վրա իսրայելական հարձակման հետևանքով։ Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի այս սպանության համար։
Մարիաննա Արամյան
Comments