ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում ընդգծել է, որ Մոսկվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման բոլոր հարցերի կարգավորմանը բացառապես դիվանագիտական մեթոդներով։
«Մենք ելնում ենք նրանից, որ պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի: Դրանք պետք է հիմք ծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար, և մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն այսօր սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա։