top of page

Հայ ժողովրդին անկեղծորեն մաղթում ենք ղեկավարներ, որոնք իսկապես կմտածեն երկրի ապագայի և ժողովրդի բարօրության մասին. Բելառուսի ԱԳՆ

Բելառուսը չի պատրաստվում վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ. այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, փոխանցում է ԲելՏԱ-ն։«Կարևոր է հասկանալ, որ Հայաստանի հետ ունենք երկարամյա սերտ, բարեկամական հարաբերություններ և ընդհանուր պատմություն, իսկ այսօր նաև փոխշահավետ առևտուր, ինչպես նաև սերտ գործարար կապեր։ Մենք չենք պատրաստվում վատթարացնել այդ հարաբերությունները, որքան էլ արտաքին խաղացողները դրդեն Հայաստանի ղեկավարությանը դրան։ Մենք երբեք ոչինչ չենք արել մեր ընկերներին վնասելու համար, մենք չենք խառնվում ներքին գործերին, մենք հարգում ենք հայ ժողովրդին և անկեղծորեն մաղթում ղեկավարներ, որոնք իսկապես կմտածեն երկրի ապագայի և ժողովրդի բարօրության մասին»,- ընդգծել է Անատոլի Գլազը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին. այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։

«Մենք բոլորս տեսնում ենք, թե որքան բարդ է ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, ինչ արագությամբ է սրվում առճակատումը երկրի ներսում: Տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր դիմադրողականություն ունեն լուրջ հուզական սթրեսի նկատմամբ: Դա մենք հասկանում ենք, բայց չենք հասկանում՝ ի՞նչ կապ ունի Բելառուսը», - նշել է երկրի ԱԳՆ մամուլի քարտուղարը։Նրա խոսքով՝ Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը հրավիրվել է ԱԳՆ՝ նրանից պարզաբանում ստանալու նպատակով:«Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը, մոտ ապագայում Երևանից Մինսկ կժամանի նաև մեր դեսպանը»,- ասել է Անատոլի Գլազը։Նա ընդգծել է, որ եթե Հայաստանում ինչ-որ մեկը որոշել է արտաքին թշնամու կերպարի միջոցով ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է։Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ ինքը, ՀՀ որևէ պաշտոնական ներկայացուցիչ այլևս չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է:

«ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ, բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից ու սկզբունքայնությունից։ Չնայած նաև իրավիճակ կա ԵԱՏՄ-ում ու ԱՊՀ-ում, ինչ-որ առումով ստիպված եմ լինելու, բայց նաև հետևյալն եմ ուզում ասել՝ ես արձանագրում եմ, որ Բելառուս ես երբեք չեմ այցելի, ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»,- ասել է Փաշինյանը։

Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

1/1871
bottom of page