top of page

Լալա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

 Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին ժամը 18։00-20։00-ն Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը հունիսի 24-ին ժամը 11։00-13։00 նույն տեղից։

Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։ 

Հիշեցնենք, որ Լալա Մնացականյանը մահացել է այսօր։ Նա 66 տարեկան էր։ 

Լալա Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը, որն ավարտել է 1978 թվականին կարմիր դիպլոմով։ Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։

140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։ 1991 թվականից բեմական խոսք է դասավանդել Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր է։ Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ դասագիրքն է հայերենով։

1/1871
bottom of page