top of page

«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից կիրառված լուսաձայնային նռնակների ու տեղի ունեցած բախումների առիթով հարուցված քրեական վարույթով հերթը հասել է մի շարք լրատվամիջոցների տուժած լրագրողների եւ օպերատորների հարցաքննությանը։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ կապ ունեն շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ, ում հորդորով կամ շահագրգռությամբ են գնացել Բաղրամյան պողոտա, արդյոք հեռախոսազրույց ունեցել են շարժման առաջնորդի հետ։ Հարցաքննված լրատվամիջոցների ներկայացուցիչները քննիչների խաչաձեւ, բայց նույնաբովանդակ հարցերին պատասխանել են, որ գնացել են իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնելու, ինչը անում են բոլոր դեպքերում ու իրավիճակներում՝ անկախ առաջնորդի ով լինելուց, քանի որ դա իրադարձություն է երկրում, իսկ ԶԼՄ-ներն էլ լուսաբանում են տեղի ունենալիքը։

Հիշեցնենք, որ տուժած քաղաքացիներին հարցաքննելիս էլ օրենքի պահապանները ոչ թե նրանց հետ կատարվածի մեղավորներին՝ ասել է թե՝ ոստիկաններին պատժելու եւ քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքներն են պաշտպանում, այլ քաղաքացիներին հանրահավաքի հրավիրողների կամ կազմակերպողների դեմ ցուցմունքներ կորզելու համար են հարցաքննում:

Հավելենք, որ այս պատկերին զուգահեռ իրավապահները ակտիվ գործընթաց են սկսել եւ «քաղաքական հրահանգի արդյունքում» կալանավորում են «Տավուշը հանուն հայրենիքի շարժման մասնակիցներին»։ Ապրիլից մինչեւ օրս տեղի ունեցած ակցիաներին մասնակցության համար պաշտոնապես կալանավորված է 29 քաղաքացի, բայց գործը այսքանով չի ավարտվի. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում նոր կալանավորումներ եւս կլինեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

bottom of page