top of page

ՌԴ-ում անօրինական միգրանտներին կարգելվի աշխատել որպես առաքիչ և տաքսու վարորդ

Ռուսաստանի իշխանությունները կարգելեն տաքսիների և առաքման ագրեգատորներին պատվերներ տալ միգրանտներին՝ առանց Ռուսաստանում աշխատելու թույլտվության։ Հարթակները պետք է ինքնուրույն վերահսկեն իրենց օգտատերերի կողմից միգրացիոն օրենքների պահպանումը: Դա բխում է հարթակային զբաղվածության մասին օրինագծի նոր տարբերակից, որին ծանոթացել է «Վեդոմոստին»:

Փաստաթղթի մշակման աշխատանքային խմբի ղեկավար Անդրեյ Իսաևի խոսքով, օրինագծի հայեցակարգը հավանություն է ստացել «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում Մեդվեդևը հանձնարարել է օրինագիծը ներկայացնել Պետդումա՝ նշելով, որ սա ոլորտի կարգավորման միայն սկիզբն է, և փաստաթուղթը կկատարելագործվի հարթակային զբաղվածության զարգացմանը զուգընթաց։ Ակնկալվում է, որ խորհրդարանի կողմից ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի մարտի 1-ից։

Ընդ որում, վերջին տարբերակը, որը քննարկվել է հուլիսի 10-ին, վերջնական չէ, պարզաբանել է Իսաևը։ Ըստ  նրա, նախագծի վերաբերյալ դիտողություններ են արել «սոցիալական գործընկերները» (արհմիությունների ներկայացուցիչներ և այլն): Քննարկմանը ծանոթ «Վեդոմոստի»-ի զրուցակիցներն ընդգծել են, որ փաստաթղթում փոքր փոփոխություններ են կատարվելու։ Օրինակ, հարթակի աշխատողների համար հնարավոր կլինի անդամակցել արհմիություններին:

Այս պահին օրինագծի հեղինակներն առաջարկել են ութ նոր կետ, որոնք պետք է կատարեն ագրեգատոր հարթակները, իսկ դրանց ընդհանուր թիվը հասցվել է 19-ի: Այսպիսով, հարթակները պետք է նախապատվություններ տան այն օգտատերերին, որոնք ինքնուրույն մուծումներ են կատարում կենսաթոշակային, ապահովագրության սոցիալական և բժշկական ծրագրերին:

Նաև օրինագծի նոր տարբերակով վերացվել է օգտատերերին պատվերի ոչ պատշաճ կատարման համար տուգանելու հնարավորությունը։ Այժմ հնարավոր է միայն սահմանափակել նրանց մուտքը հարթակ և կիրառել պատասխանատվության միջոցներ, որոնք նախատեսված են քաղաքացիական իրավական պայմանագրով։

Կարգավորումը կտարածվի Դաշնային հարկային ծառայության կողմից վարվող թվային հարթակների գրանցամատյանում ընդգրկված կայքերի նկատմամբ: Դրան միանալը կդառնա պարտադիր, այլ ոչ թե կամավոր, ինչպես հիմա է։ Միևնույն ժամանակ, փոփոխությունները չեն վերաբերի Avito, Profi.ru  և YouDo, ինչպես նաև CIAN , «Островка» և Booking ազդագրերին։ 

Ազգային հետազոտական ​​համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ուսումնասիրության համաձայն, ռուսաստանցիների միջին եկամուտը, որոնք մշտապես կամ երբեմն աշխատում են տարբեր առցանց հարթակներում, երկու տարում աճել է ավելի քան 40%-ով՝  ամսական 15 հազարից հասնելով 21,3 հազար ռուբլու: Նման աշխատանքից միջին ամսական եկամուտն ամենաշատն է աճել (55%-ով) նրանց համար, ում համար դա նրանց հիմնական աշխատանքն է՝ 31,5 հազարից մինչև 48,8 հազար ռուբլի:

Comments


1/1770
bottom of page