«Պատմեմ Ստեփանի մասին, ով, դժբախտաբար, իմ պսակադրության քահանան էր». Գոռ Սարգսյան
- Elen Hovsepyan
- 3 hours ago
- 2 min read

ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը գրել է. «Ասել էի, որ կպատմեմ Ստեփանի (նախկին Տեր Արամի) մասին, երբ մեր եկեղեցին նրան կարգալույծ անի։ Եվ հիմա, քանի որ դա այդպես է, պատմեմ։
Իմ պսակադրության քահանան, դժբախտաբար, այս մարդն է եղել։ Պսակադրությունից առաջ Անիի հետ գնացինք ծանոթանալու քահանայի հետ, քանի որ մեր համար շատ կարևոր էր, թե ով է լինելու մեր պսակադրության քահանան։
Հանդիպեցինք, ծանոթացանք նախկին Տեր Արամի հետ։ Ասացի, թե ով եմ ես, պատմեցի իմ հայացքների մասին, նշեցի, որ այս իշխանությունները ինձ անօրինական ձևով պահել են կալանքի տակ՝ ընդդիմադիր լինելու և Արցախի համար պայքարելու պատճառով։
Նա շատ լավ էր վերաբերվում ասածներիս։ Ավելին՝ ինձ թվաց, թե համամիտ է իմ խոսքերի հետ։
Վերջում ասացի նրան, որ պսակադրության արարողության ժամանակ իր քարոզի ընթացքում ինձ համար շատ կարևոր է, որ խոսի Արցախի մասին, խոսի ազգային թեմաներից։ Շեշտեցի, որ մեր եկեղեցին ինձ համար ոչ միայն հոգևոր, այլև ազգային կառույց է։ Նա համաձայնվեց, ողջունեց իմ խոսքերը և նույնիսկ իր բլոկնոտում գրեց՝ «Գոռ — Ազգային», որպեսզի չմոռանա։
Եկավ պսակադրության օրը։ Սկսվեց արարողությունը, և ամբողջ ընթացքում նա ոչ մի բառ չխոսեց Արցախի կամ ազգային թեմաների մասին։ Միայն վերջում նայեց դեմքիս և ասաց. «Լավագույն հայրենասիրությունը ամուսնանալը, երեխա ունենալը և հանգիստ ապրելն է»։
Ես և կինս զարմացանք։ Զգացի, որ ինչ-որ բան այն չէ։
Հետո պարզվեց, որ նա արդեն Նիկոլի տուն է գնում-գալիս, արդեն հավաքագրվել է հայ ժողովրդի թշնամիների՝ Արցախի հանձնողների կողմից։ Բնականաբար, նա չէր խոսելու Արցախի մասին, չէր խոսելու ազգային թեմաներից, և բնականաբար ինձ կոչ էր անելու չպայքարել։
Սա պատմեցի, որ հասկանաք՝ այս մարդը երբեք մեր Ազգային Եկեղեցու ազգային քահանա չի եղել։ Եվ այո՛, նա արժանի է կարգալույծ լինելու։ Ինչքան հնարավոր է, այս ապազգային տարրը պետք է հեռու մնա մեր եկեղեցուց։ Տարբերակ չունի՝ վաղ թե ուշ դուրս է գալու մեր եկեղեցու շարքերից»։