«ԱՐՏԱՍՎԵԼՈՒ ԱՍՏԻՃԱՆ ՑԱՎԱԼԻ Է». Ի՞ՆՉ ԷՐ ԵՂԵԼ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՄԱՀՎԱՆԻՑ ԱՌԱՋ
- Elen Hovsepyan

- 5 hours ago
- 2 min read

1956 թվականի ֆուտբոլի օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանը մահից կարճ ժամանակ առաջ ոտքի կոտրվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։ Այս մասին պատմել է Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը։
Գրել էինք, որ անցած գիշեր 99-ամյա լեգենդար հայազգի մարզիկը հեռացել է կյանքից։
«Անցյալ երեքշաբթի միասին ճաշում էինք մեր ընկերներից մեկի մոտ, հետո բաժանվեցինք։ Թեև նա լավ չէր քայլում, բայց հիշողությունը, ինչպես միշտ, տեղն էր, – ասել է Կոլոսկովը։ – Հինգշաբթի ես մի քանի օրով հիվանդանոց տեղափոխվեցի, ինձ զանգեց Ալեքսանդր Միրզոյանը (ՌՖՄ ֆուտբոլի վետերանների կոմիտեի նախագահ. խմբ.) և ասաց, որ Նիկիտա Պավլովիչը ոտքն է կոտրել։ Ի դեպ, նա այդ օրը մինչև ժամը 15:00-ն աշխատանքի էր եղել։ Այ թե ի՜նչ մարդ էր»։
Ռուսաստանի ֆուտբոլային միության պատվավոր նախագահը խոստովանել է, որ կոտրվածքի մասին լուրն անհանգստացրել է իրեն, քանի որ իր ծնողները նման կոտրվածքներից հետո երկար չեն ապրել. «Բայց ես կարծում էի, որ Նիկիտա Պավլովիչը կհաղթահարի, քանի որ նա մարզված մարդ է: Եվ այսօր առավոտյան ժամը հինգին արթնացա ինչ–որ ցնցումից, պառկած էի աչքերս բաց, և հանկարծ հաղորդագրություն ստացա, որ նա այլևս չկա»:
Նա նաև պատմել է իր և Սիմոնյանի ավանդույթների մասին` վերջին հինգ տարում պարբերաբար հանդիպել են երեքշաբթի օրերին Նիկիտա Պավլովիչի գրասենյակում: ՌՖՄ-ի ղեկավարի խոսքով՝ Սիմոնյանը շատ է հպարտացել, որ իրեն Աշխատանքի հերոսի կոչում են շնորհել և անհամբեր սպասել է այն օրվան, երբ Կրեմլում կհանձնեն այդ մեդալը։
Կոլոսկովը վստահեցրել է, որ Սիմոնյանի մահն իր համար անձնական ողբերգություն է։
«Արտասվելու աստիճան ցավալի է, որ նման մարդն այլևս մեր կողքին չէ։ Նրա հիշատակը հավերժ կմնա, դրանում նույնիսկ կասկած չկա: Մենք նրան կհիշենք միշտ, կմեծարենք ամեն օր, քանի դեռ ողջ ենք», – ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրի խաղերը կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ 1956 թվականի ԽՍՀՄ հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն դարձած, Երևանի «Արարատ-73»-ի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի։ Խաղացողները խաղադաշտ դուրս կգան սև թևկապներով։ Նմանատիպ հիշատակի միջոցառում կանցկացվի նաև Ռուսաստանի առաջնության և գավաթի առաջիկա խաղերում։




















