Նիկոլ Փաշինյանը մոռացավ, որ հայտարարել էր, թե Նոր Նորքի թաղապետարանի դեպքի մասին առաջին անգամ լսեց ԱԺ-ում
- Elen Hovsepyan
- 18 hours ago
- 1 min read
Նիկոլ Փաշինյանն, ով ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարելէր, թե Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծի մասին առաջին անգամ լսում է ԱԺ դահլիճում, մեկ ժամ չանցած սկսեց մանրամասն նկարագրել միևնույն միջադեպը:
Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին զայրացած պատասխանելով` նա մոռացավ, որ ինքը Արթուր Չեխոյանին ծեծելու մասին «առաջին անգամ լսել էր» Քրիստինե Վարդանյանից ու բառացիորեն ասաց. «Ինչ վերաբերում է Նոր Նորքի դեպքին, ես հստակ քաղաքական գնահատական եմ տալիս` անընդունելի է ինձ համար: Դրա շուրջ վարչական որոշումներ պիտի լինեն, թե չլինեն, ես նախընտրում եմ, որ... Նախ մենք Երևան համայնքում ունենք գործընկեր, և ես նախընտրում եմ որ մենք այս հարցը աշխատանքային մակարդակով կոմունիկացնենք մեր սիրելի, հարգելի գործընկերների հետ: Ես հույս ունեմ և համոզված եմ, որ, ընդ որում, ես իմանալով նաև «Հանրապետություն» կուսակցության արժեհամակարգը, ես համոզված եմ, որ օրինակ, եթե մեկն ասի, որ «Հանրապետություն» կուսակցությունն էս նույն ընկալումը չունի, ես կզարմանամ շատ խիստ: Եվ դրանից պետք է բխեն կոնկրետ հետևանքներ: Գիտե՞ք ինչ, բոլորս մարդիկ ենք և կարող ենք պահի տակ ինքնատիրապետում կորցնել և այլն, և այլն: Բայց կա որոշակի կանոն` մենք մարդ լինելուն զուգահեռ քաղաքացի ենք, պաշտոնյա ենք»: