top of page

Կառավարական ինքնաթիռը կրկին մեկնել է Պրահա

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 6 hours ago
  • 1 min read

ՀՀ կառավարական ինքնաթիռը մայիսի 10-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռել է Պրահայի Վացլավ Հավելի անվան օդանավակայան՝ տեխնիկական սպասարկում անցնելու նպատակով, գրել է «Հետք»-ը։

flightaware.com կայքի համաձայն՝ տեխնիկական թռիչքը համարակալված է FIE4041: FIE-ն հայկական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության կոդն է, որը 2023-ի սեպտեմբերից սպասարկում է կառավարական օդանավը, իսկ 4041-ը՝ կոնկրետ թռիչքի համարը: Ավանդաբար ՀՀ վարչապետին տեղափոխող չվերթերը համարակալվում են FIE4001, ՀՀ նախագահինը՝ FIE4002, իսկ այլ բարձրաստիճան պաշտոնյաներինը՝ FIE4003:

Սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀ կառավարական օդանավը (Airbus A319 ACJ, գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետություն 701») տեխսպասարկում անցնելու համար մեկնում է Պրահա:  

2020 թ. մայիսին ևս ՀՀ պետական ինքնաթիռն այդ նպատակով Պրահայում էր: Նույն տարվա օգոստոսին օդանավը մեկնեց չեխական Օստրավա, որտեղ ներկվեց նոր գույներով: Դա պետությանն արժեցավ մի քանի տասնյակ հազար եվրո: Կրկին տեխսպասարկման նպատակով ինքնաթիռը Պրահա թռավ նաև 2022-ի ապրիլի 14-ին ու Երևան վերադարձավ նույն տարվա մայիսի 20-ին: Կառավարական բորտի բացակայության պայմաններում վարչապետը արտերկիր էր մեկնում մասնավոր ընկերության՝ «Ավիակոմպանիա Արմենիայի» օդանավով: 

Հիմա էլ այդպիսի պատկեր է. Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին մասնակցելու համար այսօր թռել է Ալբանիա, սակայն օգտվել է մասնավոր ավիաընկերության ծառայություններից:

Թե տեխսպասարկումից երբ կվերադառնա ՀՀ կառավարական բորտը, հայտնի չէ, իսկ մինչ այդ, մասնավորապես, վարչապետն ու նախագահը պետք է արտասահման մեկնեն մասնավոր փոխադրողների օդանավերով:  

bottom of page