Հանրությունը ինքն էր պահանջում հրաժարական, ես ուղղակի հանրության զգացումները ձևակերպել և հնչեցրել եմ․ Բագրատ Սրբազան
Հանրությունը ինքն էր պահանջում հրաժարական, ես ուղղակի հանրության զգացումները ձևակերպել, հնչեցրել եմ:
Այս մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե հանրությանը մոլորեցնելով են բերել հրապարակ ու քաղաքական պահանջ հնչեցրել։
«Մեր քայլերը ներկայացնելու հերթականությունն այն չէր, ինչ եղավ, ուղղակի ժողովուրդի ստիպմամբ եղավ, մենք ծրագրել էինք այն դադարեցնելու գործընթացի մասին խոսել, ձեռքիս գիրք կար չէ՞, ինչի մասին հայտարարեցի էլ, հանդիպում նշանակել, հետո տեսնել՝ ինչ է տեղի ունենալու։ Դուք էլ ժողովուրդի զգացումները տեսաք, ես չէի կարող ուրիշ բան ասել, ես պարզապես հնչեցրել եմ ձևակերպումը այն պահանջի, որ այստեղ կուտակված էր»,- ասաց նա։
Բագրատ Սրբազանն անդրադարձավ նաև տարածված լուրերին, թե երեկ հանդիպել է 2-րդ նախագահի հետ և ոտքի վիրակապի և Նիկոլ Փաշինյանի ձեռքի վիրակապերի նմանություններին։ Նա հայտնեց, որ իրենց շարժման տեղեկատվականից են ստիպել հրապարակել այդ լուսանկարները։
«Տարածել էին, թե գնացել եմ հանդիպել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հետևաբար որոշեցին ցուցադրել, թե ինչ է եղել, ուր եմ գնացել, այլապես կարիք չկար խոսելու դրա մասին։ Իմ ու նրա վիրակապի տարբերությունն այն է, 7 օր է նույն վիճակն է և ես չեմ էլ խոսել այդ մասին, տղաներին կխնդրեմ հին նկարներն էլ ցույց կտան, բայց ես դա չեմ ցուցադրել, իրենք են ստիպել որ անեմ։
Կեղծիքն այս մարդկանց թե գաղափարաբանությունն է, թե կենցաղավարությունն է, թե վարքագիծն է, թե մտածումն է, դրա համար էլ մենք այս վիճակում ենք հայտնվել։ Ամեն քայլին մի սուտ են խոսում, ոստիկանների հանդեպ էլ են սուտ խոսում, վահաններով բերել շարել են, մարդկանց խափում են, թե այստեղ բարբարոսներ են հավաքված, այս տղաներին էլ են խափում»,- ասաց նա։
Commenti