top of page

«Ժողովուրդ». Կթույլատրե՞ն «ՆՈԱ» ֆուտբոլային ակումբին մասնակցել եվրոգավաթներին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս շաբաթ մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանը: Այն խոստանում է բավականին հետաքրքիր անցնել, քանզի մի քանի ակումբներ լուրջ տրանսֆերներ են իրականացրել, ինչը թեժ պայքար է խոստանում: Նման ակումբների թվում է 2014թ.-ին հիմնադրված՝ «Տոտո Գեյմինգ» ընկերության սեփականատեր (2017թ.-ին այն անվանափոխվել է «Դիջիթեյնի»-ի) Վարդգես Վարդանյանի կողմից գնված «ՆՈԱ»-ն:

Ինտրիգը նրանում է, որ ՀՖՖ-ում Վարդանյանին սկսել են ընկալել ոչ ամբողջովին «կանտրոլի» տակ գտնվող անձ, ու շրջանառվում են խոսակցություններ, որ «ՆՈԱ»-ն չի կարող մասնացել 2024թ.-ի եվրագավաթներին (թիմն այս պահին երկրորդ հորիզոնականում է. հաշվի առնելով համալրումները՝ մեծ հավանականությամբ կլինի մրցանակային տեղերում, ինչը նշանակում է մասնակցություն ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպվող միջազգային մրցաշարերին): Թիմի շուրջ աճող լարվածության ֆորմալ պատճառը ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի կողմից սահմանված արգելքներն են, համաձայն որոնց՝ բուքմեյքերական ընկերությունների հետ փոխկապակցված թիմեր չպետք է լինեն, առավել եւս՝ դրանց մասնակցությունը պետք է խիստ սահմանափակվի միջազգային մրցումներին: Հայկական օրենսդրությունը նման արգելք չի սահմանում. մեզ փոխանցեցին, որ ՖԻՖԱ-ի նորմերն այս առումով ավելի խիստ են ու իմպերատիվ: Սպորտային իրավունքի մասնագետ մեր աղբյուրները խոստացել են մոտ ապագայում ավելի մանրամասն մեկնաբանություններ տալ այս հարցի շուրջ, ինչը կհրապարակվի մեր կողմից:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ դեռեւս տարեվերջից «ՆՈԱ»-ի սեփականատերերն ինչ-ինչ իրավական գործընթաց են սկսել, որպեսզի նշյալ խնդիրներին չբախվեն, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ այս պարագայում առաջնային է ՀՖՖ ղեկավարության «դաբռոն» ունենալը, որը չի խոչընդոտի, իսկ որ ՀՖՖ-ում, մեղմ ասած, այլ բարքեր են, ու կարեւորը ցանկութունն է, դա երեւաց 2023թ.-ին կազմակերպված ՀՖՖ նախագահի ընտրություններից: Սպասենք զարգացումներին ու տեսնենք, թե ինչ կանի Վարդգես Վարդանյանը:

Ի դեպ, 2022թ.-ին նորաբաց «Նորավանք» ակումբը դարձավ Հայաստանի գավաթակիր, սակայն նրանք զրկվեցին մրցանակից ու չկարողացան մասնացել եվրագավաթներին, քանզի ՈՒԵՖԱ-ն չթույլատրեց, ինչից հետո ՀՖՖ-ն «հանգիստ հետեւեց» եւս մեկ մարզային ակումբի փակմանը: Նմանատիպ իրավիճակում, ամենայն հավանականությամբ, կհայտնվի նաեւ շահումով խաղերի բիզնես ունեցող Վարդգես Վարդանյանի «ՆՈԱ»-ն»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

bottom of page