top of page

«Ախորժակն ուտելիս է բացվում»․ Ալիևը ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջով նոր նախապայման է դրել՝ ապացուցելով, որ չի ցանկանում խաղաղություն․ Մարուքյան

Feb 2, 2024
1 min read

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանը խուսափում է խաղաղության պայմանագրի ստորագրումից և բանակցությունների ողջ ընթացքում անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում։

Նա, մասնավորապես, նշել է. «2022 թվականի մարտին Ադրբեջանն առաջարկեց հինգ հիմնարար սկզբունքներ, որոնց վրա պետք է հիմնվեր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, այն է՝

. Պետությունների կողմից ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, նրանց միջազգային սահմանների անխախտելիության և միմյանցից քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում:

. Պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և իրավական պարտավորության ընդունում այն մասին, որ ապագայում նման պահանջներ չեն ներկայացվի:

. Զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների և ուժի կիրառումից, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին չհամապատասխանող այլ հանգամանքներից:

. Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում:

. Տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների ստեղծում և համագործակցության հաստատում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Չնայած նշված սկզբունքներին՝ անդրադարձ է կատարվել բանակցությունների ընթացքում, այդ թվում՝ հրապարակայնորեն, Ադրբեջանը խուսափում է խաղաղության պայմանագրի ստորագրումից և բանակցությունների ամբողջ ընթացքում անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում՝ դրանով իսկ տորպեդահարելով խաղաղ գործընթացը։ Երեկ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն կարող է հաստատվել միայն այն բանից հետո, երբ Հայաստանը փոփոխություններ կատարի իր Սահմանադրության և ներքին օրենսդրության մեջ՝ այդպիսով պաշտոնապես բարձրացնելով բոլորովին նոր նախապայման։

Ինչպես ասում են՝ «ախորժակը ուտելիս է բացվում», և այս անվերջ պահանջները գալիս են ապացուցելու միայն մեկ բան՝ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն տարածաշրջանում կամ խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ՝ այսպիսով փորձելով հիմարացնել ամբողջ միջազգային հանրությանը»։

1/3084
bottom of page