top of page

Ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ. մանրամասներ՝ «Շտապօգնություն» ՓԲԸ բժշկի նկատմամբ կիրառված բռնությունից

  • Jan 13, 2024
  • 1 min read


Ծեծի է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ բժիշկը։ Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի Ֆեյսբուքի էջում։

 

«Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 41 ամյա բնակիչ Ա.Ա.-ն տարեսկզբից մինչ օրս 30 կանչ է իրականացրել շտապօգնության 1-03 համարին։ 

 

Այսօր առավոտյան մեքենան եղել է կանչով նշված հասցեում: Բուժառուն բժշկից պահանջել է ներարկել «Տրամադոլ» դեղամիջոց, բժիշկը հորդորել է ապավինել իր որոշմանը' նշելով, որ այլ դեղամիջոցով նույնպես կարելի է ցավազրկել։

Այնուհետ հիվանդը սկսել է ագրեսիվ պահվածք դրսևորել, հնչեցնել վիրավորական արտահայտություններ' նշելով որ կամ պետք է իր ուզած դեղը ներարկեն, կամ հեռանան, որ այլ կանչով իրեն ներարկվի նախընտրած դեղամիջոցը։

 

Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո վերջինիս 3 անձինք ծեծի են ենթարկել։

 

Ավելի ուշ բուժօգնության դիմած բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ»,- ասված է գրառման մեջ։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, որն այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

1/2725
bottom of page