Մի քիչ փող տվեք, պրծնենք էդ ցավից
- 3 hours ago
- 1 min read

Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ քննարկումների ընթացքում Երևանի ճանապարհների վիճակը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին ուղղել է մի շարք հարցեր՝ կապված մայրաքաղաքի փողոցներում առկա փոսերի հետևանքով առաջացող խնդիրների հետ։
Պատգամավորը հետաքրքրվել է, թե արդյոք իրականացվել են հաշվարկներ, որոնք ցույց կտան, թե այդ փոսերի պատճառով քաղաքացիները ինչպիսի ֆինանսական վնասներ են կրում, ինչպես նաև՝ որքանով են դրանք նպաստում ճանապարհային խցանումների ավելացմանը։ Նա նաև բարձրացրել է ասֆալտապատման աշխատանքների որակի վերահսկման հարցը՝ ընդգծելով, որ անհասկանալի է, թե ինչպես կարող են նոր ասֆալտապատված հատվածները կարճ ժամանակ անց կրկին վնասվել։
Նախարարի պատասխանից հետո Աղազարյանը նշել է, որ զարգացած երկրներում կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս արագ վերացնել ճանապարհային նման խնդիրները։ Նրա խոսքով՝ համապատասխան սարքավորումների կիրառումը կարող է զգալիորեն բարելավել իրավիճակը և նվազեցնել քաղաքացիների դժգոհությունը։
«Զարգացած երկրներում կոմբայնանման սարք կա, փոսը լինում է, երկու ժամ հետո չի լինում, էդքան փող ունեք, մի քիչ փող տվեք, էդ սարքից բերեն, պրծնենք էդ ցավից»,- ասել է նա:




















