«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործը նախագահող դատավոր Մերի Մոսինյանը մեկնել է դեկրետային արձակուրդ, ինչի պատճառով որոշում է կայացվել դատական քննությունը կասեցնել մինչև հունվար։ Այսպիսով՝ աղմկահարույց գործի քննությունը մի քանի ամսով փաստացի սառեցվել է։
Հիշեցնենք՝ Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով 2023 թվականի հունվարի 31-ին բերման էր ենթարկվել 7 անձ, այդ թվում՝ պաշտոնանկ արված փոխնախարար Անի Իսպիրյանը և ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը։ Սիմոնյանի հարսը հայտնվեց մեղադրյալի կարգավիճակում, սակայն կարճ ժամանակ անց նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ գործուն զղջալու հիմքով։ Այսինքն՝ մեղքը խոստովանեց, զղջաց և ազատվեց կալանքից, ապա՝ պատժի կրումից։
Այս գործի համատեքստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 14-ին հրաժարական տվեց, իսկ հաջորդ օրը նրան մեղադրանք առաջադրվեց՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Փետրվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը նախկին նախարարի նկատմամբ երկու ամսով տնային կալանք կիրառեց։ Ավելի ուշ Քերոբյանն ազատ արձակվեց։
Գործով մեղադրյալի աթոռին է նաև «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը՝ հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրը։
Այսպիսով՝ Էկոնոմիկայի նախարարության աղմկահարույց կոռուպցիոն գործով դատաքննությունն առայժմ կանգ է առել․ մինչև հունվար գործը դատարանում սպասելու է դատավորի վերադարձին»։




















