Եթե անձը հաստատող փաստաթղթի վավերականությունն ավարտված է, այդ դեպքում ևս անձը կարող է քվեարկել
- 2 hours ago
- 1 min read

Տեղամասային կենտրոն պետք է գնալ անձը հաստատող փաստաթղթերից մեկով՝ կենսաչափական անձնագրով, ոչ կենսաչափական անձնագրով, նույնականացման քարտով կամ նրանց փոխարինող վկայականով, որը տրված է լիազոր մարմնի կողմից, տվյալ դեպքում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից: Այդ մասին այսօր՝ հունիսի 7–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
«Ընտրողը պետք է ընտրության գնա այն փաստաթղթով, որի վավերականության ժամկետը դեռ չի ավարտվել, եթե այդպիսին ունի:
Եթե այդպիսի փաստաթուղթ ընտրողը չունի, ապա անգամ վավերականությունն ավարտված փաստաթղթով կարող է քվեարկել, սակայն մի բայց կա. եթե ընտրողը վերջին 6 ամսում չի ունեցել վավեր փաստաթուղթ, նա ընտրողների ցուցակում չի լինի, և պետք է գնա, լիազոր մարմնից վերցնի տեղեկանք, որպեսզի լրացուցիչ ցուցակով քվեարկի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7–ին, Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։




















