Իսրայելի և Թուրքիայի միջև գործում են գաղտնի կապի ուղիներ՝ լարվածությունը կանխելու համար․
- 8 hours ago
- 1 min read

Իսրայելի և Թուրքիայի միջև գործում են հաղորդակցության գաղտնի ուղիներ՝ երկու երկրների միջև հնարավոր լարվածությունը կանխելու նպատակով։ Այս մասին հայտնել է իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությունը։
«Իսրայելը չի ցանկանում Թուրքիային թշնամի դարձնել։ Երկրների միջև գոյություն ունեն գաղտնի ուղիներ՝ հաղորդագրություններ փոխանցելու և լարվածությունը կանխելու համար»:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, «երբ հաղորդագրություններն անարդյունավետ են լինում», Իսրայելը «ստիպված է լինում գործել»։
Kan-ի տեղեկություններով՝ Իսրայելը կարմիր գծեր է սահմանել Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնման հարցում, մասնավորապես՝ ՀՕՊ համակարգերի, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների տեղակայման առնչությամբ, որոնք կարող են սահմանափակել իսրայելական ռազմաօդային ուժերի գործողությունների ազատությունը։
Հեռուստառադիոընկերության պնդմամբ՝ օգոստոսի 18-ին Աբու Դուհուրի օդանավակայանին հասցված հարվածով Իսրայելը Սիրիայի իշխանություններին հստակ ազդանշան է փոխանցել, որ դեմ չէ «սիրիական բանակի ուժերի ավելացմանը», սակայն «թույլ չի տա իր սահմանների մոտ նոր սպառնալիքի ստեղծումը»։
Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը օգոստոսի 22-ին N12 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Երուսաղեմը շահագրգռված չէ Անկարայի հետ հակամարտության սրմամբ, սակայն թույլ չի տա Սիրիայում թուրքական ռազմաբազաների ստեղծումը։ Նա նշել է, որ Իսրայելի համար կարևոր է Սիրիայում «կայունության և ստատուս քվոյի պահպանումը»։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Սիրիան «մոտ է եղել» Իսրայելի հետ անվտանգության ոլորտում առկա ստատուս քվոյի խախտմանը՝ երկրի հյուսիսում գտնվող ավիաբազայում թուրքական զորքերի տեղակայմանը թույլ տալու պատճառով։
Իր հերթին Syria TV հեռուստաալիքը հայտնել էր, որ օգոստոսի 18-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող Աբու Դուհուր ռազմական օդանավակայանին։




















