«Հրապարակ»․ ԶԼՄ-ների համար հերթական «զսպաշապիկն» են կարում․ նոր նախագիծ են մշակել
- 16 hours ago
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանի հրահանգով՝ կառավարությունում ակտիվ աշխատում են նոր օրինագծի վրա, որով պատրաստվում են պայքարել «ատելության խոսքի» դեմ: Այն ընդդիմության եւ ԶԼՄ-ների նկատմամբ հերթական զսպաշապիկը կլինի: Ընդ որում, այլ ուղղություններով էլ են աշխատում` օրինակ, ֆինանսական թափանցիկություն ապահովելու, հավատարմագրումից զրկելու մեխանիզմներ ներդնելու, եւ անգամ ԶԼՄ-ներ փակելու պլաններ ունեն, բայց դրանք կիրականացվեն, եթե հունիսի 7-ին վերարտադրվեն:
Ի դեպ, այս մշակումներին ներգրավված են ԱԺ գիտության, կրթության հանձնաժողովը, որի նախագահը նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանն է, «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը, որի տնօրենը եւս նախկին լրագրող է` Վահագն Թեւոսյանը, եւ նախարար Սրբուհի Գալյանի խորհրդական Լյովա Սարգսյանը:
Արդեն «Ատելության խոսքի դեմ պայքարի նոր կառուցակարգերի ներդրման» վերաբերյալ տեղեկանք է կազմվել, ըստ որի՝ քաղաքացիական եւ վարչական պատասխանատվություն է սահմանվելու` փոփոխություններ կկատարվեն օրենսգրքերում, մեծ տուգանքներ կսահմանվեն` նվազագույն աշխատավարձի 3000-ապատակից մինչեւ 6000-ապատիկի չափով:
Բայց խնդիրն անգամ տուգանքը չէ, այլ՝ այն, որ իշխանությունը որոշել է խեղաթյուրել ատելության խոսքի դեմ պայքարի գաղափարը եւ սահմանել է, որ նման խոսք է համարվում ոչ միայն ռասայական, ազգային, էթնիկ, կրոնական հայացքներով պայմանավորված անհանդուրժողականություն, ատելություն, խտրականություն քարոզող խոսքը, այլ նաեւ «քաղաքական հայացքներով» պայմանավորվածը, իսկ դա նշանակում է, որ կպատժվեն, օրինակ, ՔՊ-ի դեմ սոցցանցում գրառում անողները:




















