Թոշակները բարձրացնելու բլեֆը
- 5 hours ago
- 4 min read

Խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունները սոցիալական կարևոր ու հոծ խմբին՝ թոշակառուներին սիրաշահելու համար գնացին կենսաթոշակները կտրուկ բարձրացնելու քայլին․ նախ ներդրվեց անկանխիկ գնումների դեպքում հետվերադարձի համակարգը՝ վերջնարդյունքում ծախսի 20 տոկոսի վերադարձով, այնուհետև ապրիլի մեկից թոշակները տասը հազար դրամով բարձրացնելու մասին նախագիծ ընդունվեց։ Կոպիտ հաշվարկներով կենսաթոշակները գրեթե 20 000 դրամով բարձրացան։ Փաստացի կառավարությունը իրականացրեց 2021–2026-ի ծրագիրը՝ նվազագույն կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնելով համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին։ Եվ հիմա այդ հանգամանքը դրոշակ դարձրած թե՛ վարչապետը, թե՛ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը փողոցներով ընկած կամ ֆեյսբուքյան լայվերով քվեներ են «հավաքում» առաջիկա ընտրությունների համար։ Փաշինյանը թոշակառուների հետ զրույցում նրանց հավաստիացնում է, որ պատմության մեջ առաջին անգամ իրենց թոշակը այնքան է բարձրացրել, որ հատել է պարենային և նվազագույն սպառողական զամբյուղների շեմերը։ Սակայն, ի պատասխան, թոշակառուները նրան հուշում են, որ թոշակների բարձրացմանը զուգահեռ խանութներում ապրանքների գներն են սրընթաց բարձրանում և որ պարենային ու նվազագույն սպառողական զամբյուղների արժեքներն արդեն հնացել են ու վերանայման կարիք ունեն։ Իշխանությունների հերթական բլե՞ֆն են այդ պնդումները, թե թոշակառուներն անտեղի խուճապ են առաջացնում։
Վիճակագրական կոմիտեի կողմից պարենային և նվազագույն սպառողական զամբյուղների արժեքների վերջին հաշվարկներն արվել են 2025 թվականի վերջին եռամսյակի համար։ Դրանից հետո ցուցանիշները չեն վերանայվել։ Ըստ Արմստատի հրապարակումների՝ 2025 թվականի վերջին եռամսյակում համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկված պարենային զամբյուղի ամսական արժեքը կազմել է 33 388 դրամ՝ մեկ շնչի հաշվով և 37 180 դրամ մեկ մեծահասակի հաշվով: Նվազագույն սպառողական զամբյուղը 1 շնչի հաշվով՝ 61 768 դրամ, մեծահասակի հաշվով՝ 68 784 դրամ։ Սա համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկելու դեպքում։ Գոյություն ունի նաև մեկ այլ հաշվարկ այդ զամբյուղների արժեքները որոշելու համար՝ առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ, որի համար նույն ցուցանիշները ավելի բարձր են՝ համապատասխանաբար 42 614 և 78 836 դրամ։ Արսեն Թորոսյանը սակայն ավելի շատ վստահում է համաշխարհային բանկի մեթոդաբանությանը՝ այն համարելով ոսկե միջին։ Բայց արդյո՞ք այդպիսի նախապատվությունն ընդամենը ավելի ցածր արժեքներով պայմանավորված չէ։ Ի վերջո այդ երկու մեթոդաբանություններով հաշվարկված արժեքների տարբերությունը գրեթե տասը հազար դրամ է և առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի համեմատ միջին թոշակը զիջում է իր մեծությամբ։
Թոշակների ապրիլմեկյան բարձրացումից հետո նվազագույն կենսաթոշակը 36 000 դրամի փոխարեն սահմանվել է 46 000 դրամ։ Եթե այդ գումարին ավելացնենք 20 տոկոս հետվերադարձի գումարը, ապա նվազագույն թոշակը կարող է հասնել մինչև 55 200-ի։ Պարենային զամբյուղի արժեքի համեմատությամբ թիվն իրոք ավելի բարձր է և այս առումով իշխանություններն ազնիվ են։ Անգամ առանց հետվճարի գումարի ավելացման 46 000 դրամը գերազանցում է նվազագույն պարենային զամբյուղի արժեքը։ Այսինքն, թոշակառուն կարող է գոյությունը պահպանել գոնե անհրաժեշտ սննդի օրական ապահովման միջոցով՝ օգտվելով միայն այնպիսի սահմանափակ մթերքներից, որոնք նախատեսված են պարենային զամբյուղով՝ առանց համադամների, սուրճի, թեյի, քաղցրեղենի։
Ինչ վերաբերում է կենսաթոշակի միջին չափին, ապա թոշակների բարձրացումից հետո այն կազմել է մոտ 59 000 դրամ կայուն գումար։ Այս ցուցանիշին եթե ավելացնենք անկանխիկ վճարումների համար նախատեսված հետվճարը, ապա ընդհանուր գումարը կարող է հասնել 69 000 դրամի։ Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքներից այս թիվը միանշանակ բարձր է՝ մեկ շնչի համար նախատեսված հաշվարկի դեպքում մոտ 7000 դրամով, մեծահասակի համար հաշվարկի դեպքում ընդամենը 200 դրամով։ Իսկ եթե առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ հաշվարկված արժեքը համեմատաբար ավելի բարեկեցիկ կյանքի հիմք համարենք, ապա միջին թոշակը զգալիորեն ցածր է ստացվում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից՝ մոտ տասը հազար դրամով, և այս առումով իշխանությունները դեռ ջանքեր պետք է գործադրեն պետական բյուջեն փոքր-ինչ թափ տալու համար։
Եթե հաշվի առնենք, որ պարենային և սպառողական նվազագույն զամբյուղների արժեքները հաշվարկելուց և հրապարակելուց հետո անցած երեքուկես ամսվա ընթացքում պարենային և ընդհանրապես առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում աննախադեպ գնաճ է արձանագրվել (օրինակ՝ տավարի միսը միջինում 4000- 5000 դրամից դարձել է 6000-7000 դրամ, ձուն՝ միջինը 70 դրամից այսօր 90 դրամով է վաճառվում, թանկացել են հացը, ձեթը), ապա բարձրացած թոշակներն էլ կարժեզրկվեն։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ընթացիկ տարվա փետրվարին հունվար ամսվա համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում մեկ տոկոս գնաճ է արձանագրվել, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ այս տարվա փետրվարին գնաճը հասել է 6,5 տոկոսի, այս տարվա հունվար-փետրվարին 2025թ. հունվար-փետրվարի նկատմամբ գնաճը 6,2 տոկոս է կազմում։ Միայն մսի շուկայում հունվար-փետրվարին 2025թ. հունվար-փետրվարի նկատմամբ 8,4 տոկոս, կաթնամթերքի, պանրի, ձվի շուկայում՝ 9, շաքարի և շաքարավազի շուկայում՝ 3,1, յուղերի և ճարպերի շուկայում՝ 6,2, հացաբուլկեղենի և ձավարեղենի շուկայում՝ 3,6 տոկոս գնաճ ունենք։ Ակնհայտ է, որ գնաճի այս միտումները չեն արտացոլվել պարենային և նվազագույն սպառողական զամբյուղների արժեքների մեջ։ Չի արտացոլվել նաև 2026 թվականի հունվարից բարձրացած գույքահարկը, որը կենտրոնում բնակվող թոշակառուների համար հատկապես զգալի բեռ է լինելու՝ հաշվի առնելով կենտորնում բնակարանների կադաստրային արժեքը և դրա համար հաշվարկվող բարձր գույքահարկը։ Իսկ արտացոլվելու դեպքում ՔՊ ղեկավարն ու նրա սոցապնախարարը դժվար թե գլուխ գովելու տեղ ունենային, որովհետև թոշակի ու առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների ու ծառայությունների արժեքների միջև անջրպետը դժվար թե հուսադրող լիներ։ Չմոռանանք նաև, որ Կենտրոնական բանկն, անդրադառնալով ապրիլի մեկից թոշակների բարձրացման կառավարության մտադրությանը, դրանից հետո 0,2 տոկոս գնաճ էր կանխատեսել, որը դեռ զգացնել կտա թոշակները բարձրացնելու ֆոնին։ Որքան էլ իշխանությունները համոզեն հանրությանը, թե բյուջեի՝ սպասվածից ավելի հավաքագրումների հաշվին է հնարավոր եղել այդքան շռայլ գտնվել թոշակառուների հանդեպ, այնուհանդերձ տնտեսագիտական շրջանակները պնդում են, որ դրա հետևանքները տխուր են լինելու բոլորիս համար՝ հանգեցնելով ավելի մեծ գնաճի ու աշխատողներից ավելի շատ հարկային հավաքագրումների։ Գաղտնիք չէ, որ թոշակային ֆոնդը գոյանում է զբաղվածություն ունեցող անձանց վճարած հարկերից։ Լավագույն հաշվարկներով մեկ թոշակառուի թոշակը գոյանում է երեք աշխատողի հարկերից, սակայն Հայաստանում յուրաքանչյուր թոշակառուի համար մեկ, մեկուկես աշխատողի վճարած հարկ է հաշվարկվում, քանի որ թոշակառուների և գրանցված աշխատողների քանակն առանձնապես չի տարբերվում։ Թոշակառուների թիվը ձգտում է 700 հազարի, իսկ գրանցված աշխատողներինը՝ 800 հազարի։ Ուստի թոշակների բարձրացումը ավելաացնելու է զբաղվածների հարկային բեռը, որպեսզի հնարավոր լինի թոշակները վճարել։ Մյուս տարբերակը գնաճի միջոցով բյուջեի համալրումն է, ինչն էլ հիմա տեղի է ունենում մեր աչքի առաջ։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնի, թե գնաճը միջազգային շուկայում առկա միտումների ազդեցության հետևանք է, տնտեսագետները նշում են, որ դա այս իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության ազդեցության հետևանք է։ Մի կողմից անսպառ աճող արտաքին պարտքը, մյուս կողմից սոցիալական վճարների չմտածված բարձրացումները առաջիկայում հարվածելու են Հայաստանի բնակչության գրպանին։




















