top of page

«Ժողովուրդ». Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն

  • 5 hours ago
  • 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 28-ին սպասվող զորահանդեսը իշխանության համար պարզապես տոնական միջոցառում չէ․ այն, ըստ ամենայնի, վերածվում է քաղաքական ցուցադրության։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ամեն ինչ կազմակերպել այնպես, որ նախատեսվող զորահանդեսը լինի հնարավորինս տպավորիչ և լայն արձագանք առաջացնի հանրության շրջանում։

Մեր տեղեկություններով՝ վերջին օրերին զինվորական ուժերը բառացիորեն օր ու գիշեր ներգրավված են նախապատրաստական աշխատանքներում։ Նախատեսվում է, որ մայիսի 28-ին զորահանդեսը կանցկացվի Հանրապետության հրապարակում։

Սակայն իշխանությունների մտադրությունն այսքանով չի սահմանափակվում։ Իշխանական աղբյուրների համաձայն՝ Փաշինյանի հանձնարարությամբ զորահանդեսից հետո զրահատեխնիկան երկար ժամանակ կմնա մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան մոտենալ, դիտել և լուսանկարել այն։

Ավելին՝ ըստ մեր տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ուղիղ եթերում անձամբ ներկայացնել ցուցադրվող զրահատեխնիկան՝ բացատրելով, թե դրանցից յուրաքանչյուրը ինչ նշանակություն ունի և ինչ կարողություններով է օժտված։

Այսպիսով, մայիսի 28-ի զորահանդեսը, կարծես, իշխանության համար ոչ միայն պետական խորհրդանշական օր է, այլև ուժի, տեխնիկայի և քաղաքական ներկայության ընդգծված ցուցադրություն։ Իսկ գլխավոր հանդիսավարը, փաստացի, կլինի Փաշինյանը»։

 
 
bottom of page