Անհասկանալի է Շիրակի մարզպետի հրապարակման մեջ «Իվանների» մասին հիշատակումը․ ՌԴ դեսպանատուն

«Կցանկանայինք չհավատալ, որ մի մարզի ղեկավարը, որտեղ տեղակայված են ռուսական 102-րդ ռազմակայանը և ռուս սահմանապահները, կարող է ընդունելի համարել այնպիսի հրապարակային հայտարարություններ անելը, որոնք կարող են ռուսաստանցիների նկատմամբ էթնիկ թշնամանք հրահրել։ Սա արմատապես կհակասեր մեր երկու երկրների ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ոգուն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Դավիթ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Մի քանի տեսախցիկ, մի քանի մտահոգ դեմք, մի քանի բարձրագոչ նախադասություն՝ «մեր Գյումրու» մասին, և ահա պատրաստ է հերթական քաղաքական ներկայացումը։
Մնում է միայն հանդիսատես գտնել։ Բայց այստեղ մի փոքրիկ անհարմարություն կա՝ Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»։
Հ.Գ. Մենք հյուրընկալ ժողովուրդ ենք․ մեր հյուրերը մեր գլխի վրա տեղ ունեն։ Բայց մի՛ փորձեք մեր գլխից բարձր թռչել, բարձրությունից ընկնելը ցավոտ է։
Գաստրոլյորներ, զգույշ եղեք...»։




















