top of page

Ուկրաինան դրոններով հարված է հասցրել Տուապսեի նավթավերամշակման գործարանին՝ նախորդ հրդեհի մարումից ընդամենը չորս օր անց

  • 6 hours ago
  • 2 min read

Ապրիլի 28-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Տուապսեի նավթավերամշակման գործարանը (ՆՎԳ)։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի հաղորդմամբ՝ ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել ձեռնարկության տարածքում: Տուժածներ չկան։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 122 մարդ և 39 միավոր տեխնիկա։ Նշենք, որ «Ռոսնեֆտ» ընկերությանը պատկանող այս գործարանը Ռուսաստանի 10 խոշորագույն նավթավերամշակման ձեռնարկություններից մեկն է և միակը Սև ծովի ռուսական ափին։ Մինչ այս գործարանը հարձակման էր ենթարկվել նաև ապրիլի 16-ին և 20-ին։

Եթե առաջին հարձակումն ավարտվել էր միայն հրդեհով, ապա երկրորդի դեպքում արդեն նաև մարդ էր մահացել։ Վնասվել էր նաև Տուապսեի նավահանգստի նավթային տերմինալի ենթակառուցվածքը, որը գործարանի հետ կազմում է միասնական արտադրական համալիր։ Մասնավորապես, այրվել էր նավթամթերքի ամբարների տարածքը, ինչի պատճառով, ըստ Reuters-ի աղբյուրների, գործարանը դադարեցրել էր նավթի վերամշակումը։ Ապրիլի 20-ի հարվածից բռնկված հրդեհը վերջնականապես հաջողվել էր հանգցնել միայն չորս օր անց։ Ամբարների վնասման հետևանքով նավթի արտահոսք էր տեղի ունեցել, որը լցվել էր ծովը։ Մեկ շաբաթվա ընթացքում նավթային բիծը ափի երկայնքով տարածվել էր շուրջ 77 կմ։ Կրասնոդարի երկրամասի իշխանությունների հաղորդմամբ՝ հաջողվել է հավաքել մոտ 4,2 հազար խորանարդ մետր աղտոտված հող և ջրամազութային խառնուրդ։

Միևնույն ժամանակ, Տուապսեի նավթային տերմինալի հրդեհից առաջացած ծուխը պատել է Ռուսաստանի սևծովյան գրեթե ողջ ափը, այդ թվում՝ Սոչին ու Անապան, ինչպես նաև հասել է Ստավրոպոլ և Արմավիր։ Մի շարք շրջաններում «նավթային անձրև» է տեղացել, իսկ օդում բենզոլի, քսիլոլի և մրի պարունակությունը կրկնակի գերազանցել է նորման, հայտնել է «Ռոսպոտրեբնադզորը»։ Սոչիի լողափին սատկած դելֆիններ են հայտնաբերվել. արձանագրվել է նաև ձկների և թռչունների զանգվածային անկում։

Բնապահպանները հայտարարել են Ռուսաստանի սևծովյան ողջ ափին սպառնացող «խոշորագույն էկոլոգիական աղետի» մասին՝ մատնանշելով թթվային անձրևների վտանգը և նշելով, որ տեղի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը պահպանվելու է մի քանի տարի։ Չնայած դրան, նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ օրս որևէ կերպ չի մեկնաբանել Տուապսեում տիրող արտակարգ իրավիճակը։ Պետական հեռուստաալիքները նույնպես անտեսել են էկոլոգիական աղետը։

 
 
1/2820
bottom of page