top of page

Ադրբեջանը uադրիչ է համարել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունը Արցախի մասին

  • 1 hour ago
  • 1 min read

Ադրբեջանը սադրիչ է համարել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հայտարարությունը Արցախի մասին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Այն ժամանակաշրջանում, երբ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան սեփական ինքնիշխան տարածքներում Ադրբեջանի իրականացրած արդար պատերազմից հետո տարածաշրջանում պայմաններ են ստեղծվել կայուն խաղաղության համար, մենք վճռականորեն դատապարտում ենք ֆրանսիական կողմի նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում սեփական տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը։

Ֆրանսիացի նախարարը, անտեսելով հայկական օկուպացիայի ժամանակաշրջանում ադրբեջանական տարածքներում հարյուրավոր մզկիթների և մշակութային ժառանգության այլ նմուշների ավերման փաստը, մեկնաբանում է օկուպացիայի ժամանակներից մնացած որոշ շինությունների քանդման հարցը և տեղին չի համարում հղում անել ՄԱԿ-ի Միջազգային դատարանում քննվող գործընթացին։ Սա երկակի մոտեցման վառ օրինակ է:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատող առաքելություն «Ադրբեջանի Ղարաբաղյան տարածաշրջան» (օկուպացված Արցախ) ուղարկելու վերաբերյալ Ֆրանսիայի կոչերը իրականության ակնհայտ խեղաթյուրում են։ Հենց Ադրբեջանն է բազմիցս կոչ արել իրականացնել նման գնահատող առաքելություններ, սակայն, ցավոք, դրանց անցկացումն անհնարին է դարձել հենց այնպիսի երկրների կողմից հայտնի խոչընդոտների արդյունքում, ինչպիսիք են Հայաստանը և Ֆրանսիան։ Ինքը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, հաստատել է այս փաստը իր 2005 թվականի զեկույցում։ Ֆրանսիացի նախարարի նման հայտարարությունները չեն ծառայում տարածաշրջանում կայուն և իսկական խաղաղության կառուցմանը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

 
 
1/2841
bottom of page