ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներն Իրանին. Մերձավոր Արևելքի գլխավոր իրադարձությունները մարտի 22-ի առավոտվա դրությամբ
- Mar 22
- 2 min read

Մերձավոր Արևելքում մարտական գործողությունները շարունակվում են՝ մեծացնելով լարվածությունը տարածաշրջանում և առաջացնելով միջազգային հանրության մտահոգությունը։ Ռազմական հարվածներն ու կողմերի պատասխան գործողությունները շարունակում են անդրադառնալ ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև համաշխարհային տնտեսական իրավիճակի վրա։
NEWS.am-ը ներկայացնում է կիրակի գիշերը Մերձավոր Արևելքում տեղի ունեցած առանցքային իրադարձությունների հակիրճ տեսությունը։
• Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի Դիմոնա քաղաքին։ Դիմոնայի մոտակայքում են գտնվում միջուկային ռեակտորը և միջուկային հետազոտությունների կենտրոնը, որոնք կապում են Իսրայելի միջուկային զենքի մշակման հետ։ Իրանական հարվածի հետևանքով ավելի քան 50 մարդ վիրավորվել է, շենք է փլուզվել։ Ավելի ուշ հայտնի է դարձել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման՝ Արադ քաղաքին հասցրած հարվածի մասին։ Ընդհանուր առմամբ, Դիմոնա և Արադ քաղաքներին հասցված հարվածների հետևանքով վիրավորվել է ավելի քան 100 մարդ։
• Խարգ կղզու դեմ ԱՄՆ-ի հնարավոր ագրեսիան Իրանի համար ճանապարհ կբացի Կարմիր ծովում և Բաբ էլ Մանդեբի նեղուցում իրավիճակն ապակայունացնելու համար, Tasnim-ին հայտնել է ռազմական աղբյուրը։ «Եթե ԱՄՆ-ն իրագործի Խարգ կղզում ռազմական ագրեսիայի վերաբերյալ իր սպառնալիքները, միանշանակ կբախվի պատասխանի, որն աննախադեպ կլինի պատերազմի վերջին 21 օրերի անակնկալների համեմատ։ Այլ նեղուցներում, այդ թվում՝ Բաբ էլ Մանդեբում և Կարմիր ծովում անվտանգության բացակայությունը Դիմադրության ճակատի տարբերակներից մեկն է, և ամերիկացիների համար իրավիճակը շատ ավելի կբարդանա, քան այսօր է», - հավելել է աղբյուրը։
• Իրանի ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Սեյեդ Մաջիդ Մուսավին հայտարարել է Իսրայելի նկատմամբ իր երկրի «հրթիռային գերիշխանության» մասին։ «Առաջիկա գործողություններում կիրառվող նոր մարտավարությունն ու արձակման համակարգերը կապշեցնեն ամերիկա-սիոնիստական հրամանատարությանը։ Այս գիշեր օկուպացված տարածքների հարավային երկինքը մի քանի ժամ շարունակ լուսավորված կլինի», - նշել է Մուսավին։
• Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ Իրանի ռազմական կցորդին, ռազմական կցորդի օգնականին և թագավորությունում Իրանի դեսպանատան երեք այլ աշխատակիցների տեղեկացրել է նրանց «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) հայտարարելու մասին։ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ այդ անձանց հրահանգել է 24 ժամվա ընթացքում լքել երկիրը։




















