top of page

«Ամերիաբանկը» թալանո՞ւմ է իր հաճախորդներին․ ինչո՞ւ են անհիմն բարձրացնում տոկոսադրույքները

«Ամերիաբանկը», որ Հայաստանի ամենահեղինակավոր բանկերից մեկն է համարվում և վերջերս վաճառվեց վրացական Bank of Georgia Group-ին, իր հաճախորդների նկատմամբ, մեղմ ասած, ոչ ազնիվ և իր հեղինակությանը ոչ հարիր է վարվում։

Վերջին շրջանում MediaHub-ը դժգոհություններ է ստանում այս բանկից հիպոթեքային վարկ ստացած հաճախորդներից, որ «Ամերիան» իրենց փաստացի խաբում է՝ անհիմն բարձրացնելով իրենց վարկի տոկոսադրույքը և դրա վերաբերյալ որևէ հոդաբաշխ բացատրություն չտալով։

Այս թեմայով օրերս ծավալուն գրառում էր կատարել նաև լրագրող Արաքս Մամուլյանը, որը ևս «Ամերիաբանկից» հիպոթեքային վարկ է վերցրել, և 36 ամիսը լրանալուց հետո, երբ տոկոսադրույքը դարձել է լողացող, բանկը երկու տոկոսով ավելացրել է իր վարկը՝ այն դեպքում, երբ նույն հաջողությամբ կարող էր և իջեցնել, որովհետև բանկի հայեցողությանն է թողնված՝ լողացողի պարագայում բարձրացնե՞լ, թե՞ իջեցնել տոկոսդրույքը։ Բայց երկուսն էլ պետք է իրենց տրամաբանական բացատրությունն ունենան։ Սովորաբար, տոկոսադրույքը բարձրացնում են, երբ երկրում տնտեսական վիճակն է ապակայունանում, ճգնաժամ է առաջանում, ռիսկի գործոններն են ավելանում և, վերջապես, Կենտրոնական բանկն է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնում բանկերի համար։ Բայց վերջին շրջանում ԿԲ-ն պարբերաբար իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ ամեն անգամ 0.25 տոկոսային կետով, օրինակ՝ ընդամենը մեկ ամիս առաջ տեղի ունեցած խորհրդի նիստում ԿԲ-ն հերթական անգամ 0.25 տոկոսով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՝ սահմանելով 7.50 տոկոս, բայց մեր բանկերը, այս դեպքում՝ «Ամերիաբանկը», փոխանակ օգտվի այս առիթից և իր հաճախորդների համար մի լավ բան անի՝ նվազեցնի իր տրամադրած վարկերի տոկեսադրույքը, մի բան էլ հակառակը՝ բարձրացնում է։ Երբ ԿԲ-ն բարձրացնում է  վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և բանկերը դա համարում են իրենց համար լեգիտիմ առիթ՝ իրենց տոկոսադրույքները ևս բարձրացնելու, դա ինչ-որ տեղ կարելի է  հասկանալ, բայց երբ իջեցնում է ԿԲ-ն տոկոսադրույքը, այս դեպքում առնվազն տարօրինակ է, երբ առևտրային բանկերը էլի բարձրացնում են իրենց տրամադրած վարկերի տոկոսադրույքը։

Ահավասաիկ, Արաքս Մամուլյանի գրառումը․ «Որոշել եմ հրաժարվել Ameriabank CJSC-ից և հիփոթեքային վարկս էլ տեղափոխել այլ բանկ: Որովհետև ես ինձ ուղղակի թալանված եմ զգում այս բանկի կողմից:

Ամռանը ծանուցում եմ ստանում, թե բա հարգելի՛ հաճախորդ, տեղեկացնում ենք, որ ձեր հիփոթեքային վարկի տոկոսադրույքը բարձրացնում ենք 2%-ով՝ դարձնելով՝ 14%: Զանգում եմ մասնագետների, որ խորհրդակցեմ, ասում են՝ կարող ա՞ 0,2 ա, խառնել ես; Բայց չէ, չէի խառնել, միանգամից 2 % էր՝ ամսական մոտ 30 հզ դրամ, այսինքն՝ Հայաստանի ամսական միջին աշխատավարձի 10%-ից ավելի:

Պայմանագիրս լողացող տոկոսադրույքով է՝ պայմանով, որ առաջին երեք տարվա ընթացքում նախնական տոկոսադրույքը փոփոխել չեն կարող, բայց այդ 3 տարին անցել է, հետևաբար 3 տարուց հետո շուկայում տոկոսադրույքի վերանայման հիմքեր լինելու դեպքում բանկն իրավունք ունի փոփոխելու տոկոսադրույքը, ընդ որում՝ ինչպես ավելացնելու, այնպես էլ նվազեցնելու: Սկսում եմ շուկան ուսումնասիրել, պարզվում է՝ շատ բանկեր ևս օգոստոսին տոկոսադրույքը փոփոխելու իրավունք և հնարավորություն են ունեցել, բայց չեն փոփոխել, որովհետև շուկայում հիմքեր չեն եղել փոփոխելու, ավելին, հետաքրքրվում եմ և պարզում, որ վերջին տարիների ընթացքում Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը միայն նվազեցրել է ու առաջիկայում էլ նվազեցնելու քաղաքականություն է վարելու, բայց,այդուհանդերձ, մեր տոկոսադրույքը, չգիտես, ինչու, բարձրանում է»։

Սա միակ դեպքը չէ, ինչպես նշել էինք վերևում։ Այսպիսի դեպքեր վերջին շրջանում մենք էլի լսեցինք «Ամերիաբանկի» հաճախորդներից։ Օրինակ՝ նրանցից մեկը MediaHub-ին պատմեց, որ իր հիպոթեքային վարկի տոկոսադրույքն էլ են անակնկալ կերպով բարձրացրել, և երբ դիմել է բանկին՝ առաջարկել են, որ դիմում գրի, և բանկը անպայման կվերանայի և կիջեցնի տոկոսադրույքը։

Հաճախորդը դիմումը գրել է, սակայն տևական ժամանակ որևէ պատասխան չի ստացել։ Նորից է դիմել բանկին, այս անգամ առաջարկել են բանկի My America հավելվածի միջոցով գրել դիմումը։ Մի հատ էլ այդ տարբերակով է փորձել, բայց դարձյալ զրո արձագանք։ Նորից դիմել է բանկին, որտեղից ասել են, որ իր դիմումն ընդունված է, հաստատված է, բայց թե ինչու բանկը տոկոսադրույքի որևէ փոփոխություն չի կատարել, բանկից չեն կարողացել պատասխանել՝ խնդրել են մի քիչ էլ սպասել, մինչև կճշտեն, թե ինչու է բանկն անտեսում դիմումը, որը ինքը հաստատել է և բավարարել։

Հաճախորդը մոտ երկու ամիս է՝ դեռ սպասում է, իսկ այս ընթացքում շարունակում է ավելացված տոկոսադրույքով վարկը մարել։ Ստացվում է՝ մեր գործընկեր Արաքս Մամուլյանը տեղին է նկատել, որ «Ամերիաբանկը» թալանում է իր հաճախորդներին։

Թե ինչու է այսպես վարվում Հայաստանի անունով հեղինակավոր բանկերից մեկը, MediaHub-ը փորձեց հենց բանկից մեկնաբանություն ստանալ։ «Ամերիայի» մամուլի ծառայությունից, սակայն, խնդրեցին գրավոր ուղղել մեր հարցերը։ 

Դիմեցինք նաև Կենտրոնական բանկին, որ հասկանանք՝ իրենք այսպիսի դեպքերում որևէ վերահսկողություն ունե՞ն բանկերի նկատմամբ, սակայն ԿԲ-ից ևս խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Երկու դեպքում էլ MediaHub-ն առանձին հարցումներ կուղարկի թե՛ «Ամերիաբանկին», թե՛ Կենտրոնական բանկին և պատասխանները ստանալուն պես՝ նոր հոդվածով կտեղեկացնենք, թե ինչպես է ստացվում, որ հաճախորդներն իրենց խաբված և թալանված են զգում հայաստանյան բանկային համակարգի հետ գործ ունենալիս։

Վահե Մակարյան

1/1871
bottom of page